Տեղի ունեցավ Նորման Դիքսոնի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
12/09/2025 23:01

Տեղի ունեցավ Նորման Դիքսոնի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

 Երևանում տեղի ունեցավ բրիտանացի հոգեբան Նորման Դիքսոնի՝ «Զինվորական անձեռնհասության հոգեբանության մասին գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գրքի թարգմանիչը՝  Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար, պահեստազորի գնդապետ Տիգրան Հովհաննիսյանը նշեց՝  սյուժեներում արտացոլված են զիվորականների, լեյտենանտների հուշերը, իսկ Նորման Դիքսոնը նրանցից մեկն է՝ թագավորական կորպուսի կապիտան, որը զորացրվելուց հետո սկսել է զբաղվել գիտական կարիերայով։

«Թերթելով գիրքը՝ տեսա, որ այնտեղ իսկապես կա հոգեբանություն, և դա զուգադիպեց այն ժամանակահատվածին, երբ ազգը  ճգնաժամի մեջ էր՝  պարտություն, պատճառներ և այլն։ Եվ երբ  խորացա ուսումնասիրության մեջ,  զգացի, որ իսկապես՝  կոմպետենտությունը շատ ավելի կարևոր է էքստրեմալ վիճակներում, իսկ զինվորականի, հատկապես բարձրաստիճան սպայական կազմի կոմպետենտությունը՝ էլ ավելի կարևոր»,-ասաց գրքի թարգմանիչը։

Քաղաքական գիտությունների թեկնածու, գրքի ռուսերեն թարգմանության խմբագիր Արման Սաղաթելյանն էլ նշեց՝ չնայած աշխատությունն ունի 50 տարվա վաղեմություն, արդիականությունը չի կորցրել և դեռ շատ երկար ժամանակ չի կորցնի։

«Դիքսոնի հայեցակարգերը, որոնք բացատրում են ցանկացած ձախողում՝ առանձին անհատի անկոմպետենտությամբ, բավականին հեշտ են ընկալվում։ Սա թույլ է տալիս, մի կողմից, բացատրել անհաջողությունները՝ անձի թերացումներով, իսկ մյուս կողմից՝ խուսափել պատասխանատվությունից»,-ասաց նա։

Սաղաթելյանը շեշտեց, որ այս խնդիրները կրում են ինստիտուցիոնալ բնույթ։ Ըստ նրա՝ եթե մասնագիտական հանրույթը չփորձի տեղայնացնել և քննարկել այս հայեցակարգերը,  անընդհատ կկրկնվեն նույն սխալները․ «Դա կհանգեցնի նրան, որ միշտ կլինեն ձախողումներ, կնշանակվեն մեղավորներ, և կլինի պատասխանատվությունից խուսափում, բայց համակարգային խնդիրները չեն լուծվի»։ 

Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հանրային քաղաքականության պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրքում նկարագրված խնդիրները այնքան ժամանակ արդիական կմնան, որքան ժամանակ որ կլինեն բանակն ու բյուրոկրատիան։

Ի դեպ, Դիքսոնի՝ «Զինվորական անձեռնհասության հոգեբանության մասին» դասական դարձած աշխատությունն  արդեն իսկ թարգմանվել է 12 լեզվով։ Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց նաև հոգեբան Նորման  Դիքսոնի միակ լուսանկարը, որը գտնվել էր համացանցում, ապա ցուցադրվեց նաև այն լուսանկարը, որը հոգեբանի ընտանինքն էր ուղարկել հենց  թարգմանիչ Տիգրան Հովհաննիսյանին։ 

Տեղի ունեցավ Նորման Դիքսոնի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը