Կրթությունն է ապահովում կոմպետենտ կադրերի ձևավորումը․ Արման Սաղաթելյան. (Տեսանյութ)
12/09/2025 23:25

Կրթությունն է ապահովում կոմպետենտ կադրերի ձևավորումը․ Արման Սաղաթելյան. (Տեսանյութ)

Նորման Դիքսոնի «Զինվորական անձեռնհասության հոգեբանություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին քաղաքական գիտությունների թեկնածու, գրքի ռուսերեն թարգմանության խմբագիր Արման Սաղաթելյանը շեշտեց՝ աշխատությունը կարևոր է ոչ միայն զինվորականության, այլև կառավարման խնդիրներով հետաքրքրված յուրաքանչյուրի համար։

Սաղաթելյանի խոսքով՝ հեղինակի բարձրացրած հարցադրումները համընդհանուր են, ու թեև Դիքսոնը հիմնականում անդրադառնում է բանակին, բայց ակնարկներ կան նաև քաղաքական համակարգերի վերաբերյալ։

«Կոմպետենտ մարդիկ կարող են նշանակել կոմպետենտ մարդկանց, և շատ հաճախ այս երկու համակարգերում՝ թե՛ զինվորական, թե՛ քաղաքական, լուրջ բախումներ են առաջանում։ Խնդիրը համընդհանուր է և կարևոր յուրաքանչյուր հասարակության համար»,- նշեց նա։

Սաղաթելյանը հավելեց՝ թեև գիրքը լուծումներ չի առաջարկում, սակայն մատնանշում է խնդիրների  բնույթը։

Ըստ նրա՝ զինված ուժերի արդյունավետությունը մեծապես կախված է մարդկային ռեսուրսներից․ «Զորավարների պատրաստումը պետք է սկսվի մանկապարտեզից ու դպրոցից։ Կրթությունն է այն հիմնական ուղղությունը, որը կարող է ապահովել կոմպետենտ կադրերի ձևավորումը»,-ասաց Արման Սաղաթելյանը։

«Զինվորական անձեռնհասության հոգեբանություն» գրքի ռուսերեն թարգմանության խմբագիրը համոզված է՝ Դիքսոնի բարձրացրած հարցերը արդիական են նաև Հայաստանում․ «Եթե դրանք արժանանան փորձագիտական քննարկման, կարող են կարևոր դառնալ թե՛ հոգեբանների, թե՛ ռազմական ոլորտի մասնագետների, թե՛ սոցիոլոգների համար։ Գիրքը ոչ թե վերջակետ է, այլ տրամպլին՝ նոր գիտելիք ստեղծելու համար»։

 

Կրթությունն է ապահովում կոմպետենտ կադրերի ձևավորումը․ Արման Սաղաթելյան. (Տեսանյութ)