Մնացեք Ձեր դաշտում և դուրս մի եկեք այնտեղից, եթե նույնիսկ «դուրս է քաշում» վարչապետը. Բադալյանը՝ Գյուլումյանին
15/09/2025 14:32

Մնացեք Ձեր դաշտում և դուրս մի եկեք այնտեղից, եթե նույնիսկ «դուրս է քաշում» վարչապետը. Բադալյանը՝ Գյուլումյանին

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. ««Մենք էս ունենք, բայց աչքներս տնկել ենք՝ էն Հայաստանը, էն Հայաստանը, էն Հայաստանը, որը չկա», Նիկոլ Փաշինյանի առաջ ասում է «Ցանկապատ» ներկայացման ստեղծագործական կազմից Տիգրան Գյուլումյանը, որը նաեւ այն մշակութային այգու հիմնադիրն է, որտեղ բեմադրվում է «Ցանկապատ»-ը: Նիկոլ Փաշինյանն այցելել էր ու ներկայացման ավարտից հետո անցել քաղաքական քարոզի:

Դրան անդրադարձել եմ տելեգրամյան ձեւաչափով, Ֆեյսբուքում դնելով հղումը:

Այստեղ խոսեմ այլ ասպեկտի մասին: Հարգելի՛ Տիգրան Գյուլումյան, Հայաստանի հանրությունը «աչք չի տնկել» ոչ մի «էն Հայաստանի» վրա:

Եթե Դուք նկատի ունեք պատմական հիշողությունը, ապա, հիշողությունը «աչք տնկելու» բացարձակ հոմանիշ չէ, այլ, ինչպես ասել է հանճարեղ Մաթեւոսյանը՝ մարդուն անասունից տարբերող հատկանիշ:

Ու քանի որ հայաստանյան հանրությունը ճնշող մեծամասնությամբ կազմված է մարդկանցից, ունի նաեւ պատմական հիշողություն: Առավել եւս, որ այդ պատմությունն ունի ողբերգական էջեր:

Եթե որեւէ մեկը պատմական հիշողությունը նենգափոխում է «հավակնության», ընդամենը իր քաղաքական խնդիրների տեղեկատվա-քարոզչական սպասարկման նպատակով, ապա դա իր գործն է, դա Ձեր գործը չէ:

Եթե «էն Հայաստան» ասելով Դուք նկատի ունեք Արցախը, ապա դա բոլորովին մեր «տնկած աչքը» չէր, այլ, իսկապես, Հայաստան էր, այսինքն՝ հայերի երկիր՝ հազարամյակներով: Եվ դա ոչ միայն «տնկած աչք» չէր, այլև միջազգայնորեն ճանաչված հակամարտություն, որի խաղաղ կարգավորման համար ստեղծվել էր բացառիկ միջազգային մանդատ՝ միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա կառուցված գործընթացով: Այդ մանդատը ստեղծվել էր, որովհետեւ Հայաստան էր:

Դուք, իհարկե, պարտավոր չեք տիրապետել քաղաքական անցուդարձին: Դուք ունեք Ձեր մասնագիտական աշխատանքի դաշտը, որտեղ, ընդ որում, դարձյալ իմ սուբյեկտիվ կարծիքով, ունեք լավ դրսեւորում: Բայց այդ դեպքում մնացեք պարզապես Ձեր դաշտում եւ դուրս մի եկեք այնտեղից, եթե նույնիսկ Ձեզ «դուրս է քաշում» վարչապետը»:

Մնացեք Ձեր դաշտում և դուրս մի եկեք այնտեղից, եթե նույնիսկ «դուրս է քաշում» վարչապետը. Բադալյանը՝ Գյուլումյանին