.jpg)
Փաշինյանն ու Ալիևը միասին ստեղծում են հիմքեր Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում մեծ արշավի համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածություն դրսևորվել է դեռ 44-օրյա պատերազմի ավարտին հետևած զարգացումներում։ Պատերազմից հետո Արցախի անվտանգության պատասխանատուն ռուս խաղաղապահներն էին, և եթե հետևեինք, անպայման կնկատեինք, որ Ադրբեջանի ամեն սադրանքը բնակչության կամ խաղաղապահների դեմ տեղի էր ունենում ուկրաինական ճակատում ռուսական ուժերի ձախողումների օրերին։ Ադրբեջանն այդ կերպ ցույց էր տալիս, որ Ռուսաստանի հետ հակամարտություն ունի, այդ հակամարտությունը սնուցվում էր Թուրքիայի, նաև Արևմտյան տարբեր երկրների կողմից, «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Իմ խորին համոզմունքն այն է, որ Ալիևը պատերազմում հաղթանակ տանելու համար իր դիրքերը տարբեր ոլորտներում լրջորեն զիջել է առաջին հերթին Թուրքիային։ Փաստացի, Ալիև ինքնուրույն գործիչ չկա, այդ գործիչն ամբողջապես կառավարվում է Թուրքիայի կողմից։ Դա է պատճառը, որ այդ նույն Ալիևը, որ ժամանակին չափազանց մեծ վախ ուներ Պուտինի հանդեպ, հանկարծ փոխում է բառամթերքը, Ռուսաստանի հանդեպ մեղադրանքներ է հնչեցնում։ Այդ կերպարանափոխությունը հաղթանակի գործոնով չի պայմանավորված, հատկապես, որ Ալիևը շատ լավ գիտակցում է՝ 44-օրյա պատերազմում հաղթանակը չէր լինի, եթե չլիներ ռուսական կողմի լոյալ վերաբերմունքը հաղթանակի նկատմամբ։ Հիմա Ալիևի հավակնոտ վարքը պայմանավորված է հաղթանակի համար ունեցած պարտքերով։ Դու ստացել ես այն, ինչ ուզում ես, գինը, որ պետք է վճարես, այն է ինչ ուզում են, որ հիմա անես։ Ալիևի վարքագիծն ու նրան ուղղված ճնշումներն առավելապես պայմանավորված են Արևմուտքի՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականությամբ»։
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը սպասարկում են Արևմուտքի այդ շահը, տարածաշրջանում գործում են ընդդեմ Ռուսաստանի։ Երկուսն էլ կրակի հետ են խաղում, վաղ, թե ուշ արձագանքը լսվելու է։ Փաշինյանն ու Ալիևը միասին ստեղծում են հիմքեր Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում մեծ արշավի համար։ Ռուսաստանը կարող է զսպել արձագանքը, բայց, ի վերջո, քնած արջն արթնանում է։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում