.png)
ՌԴ-ի հետ տրանսֆորմացիոն հարաբերություններում ենք և դրականն անգամներով ավելի էական է, քան բացասականը. Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ իր հայտարարությունները, երբ մի դեպքում նշում է, որ ՀՀ-ի և ՌԴ–ի հարաբերությունները կառուցողական են ու տրանսֆորմացիայի փուլում, իսկ մյուս կողմից ասում է, ՌԴ-ն վարում է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի դեմ՝ չեն հակասում միմյանց։
«Կան գործընկերներ, ովքեր նման գնահատականներ ունեն, և նրանց մոտ որոշակի հիմնավորումներ կան, քանի որ, ցավոք, մի շարք ռուսական հեռուստաալիքներ, խոսնակներ կամ բանախոսներ նման տրամաբանություն են զարգացնում։ Ես այդ տրամաբանությամբ չեմ դիտարկում հարաբերությունները։ Ես շատ բարձր եմ գնահատում դրանք և ասում եմ մեր բոլոր քննարկումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ, որ ՌԴ նախագահի հետ երկխոսությունը, որը ունենք՝ շատ կարևոր է։ Նույնը վերաբերում է նաև կառավարության խորհրդի նախագահի հետ երկխոսությանը և այդ գնահատանքի տրամաբանությամբ էլ կշարունակենք առաջնոդվել»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ տրանսֆորմացիայի գործընթացը շատ օգտակար ու կառուցողական է․ «Մենք բաց և գործընկերային մթնոլորտում լուծումներ ենք գտնում բազմաթիվ խնդիրների համար, որոնք, թվում էր՝ կարող են բարդություններ առաջացնել, և շարունակում ենք դրանք գտնել»։
Նա նաև ընդգծեց անձնական փոխվստահությունը ՌԴ գործընկերների հետ․ «Տրանսֆորմացիայի մեջ դրականը անգամներով ավելի էական է, քան բացասականը, և մեր այսօրվա ուղերձի առանցքային մասն այն է, որ մենք կենտրոնանալու ենք դրականի վրա և փորձելու ենք զարգացնել դրականը»։