.jpg)
Լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի չեմ ենթարկել, նրան չեմ ճանաչում, ես եմ իրենից սեռական հայհոյանքներ ստացել. Քաղաքապետարանի պաշտոնյա
Լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծելու կամ ծեծը պատվիրելու հետ ես որևիցե կապ չունեմ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
«Ես հարցաքննվել եմ Քննչական կոմիտեում, ունեմ վկայի դատավարական կարգավիճակ։ Հուսանք՝ շուտով իրավապահ մարմիններն այս բոլոր հարցերի պատասխանները կտան»,-ասաց Բաբայանը։
Անդրադառնալով իր և Հակոբ Կարապետյանի նամակագրություններին, Բաբայանն ասաց հետևյալը.
«Լրատվամիջոցներին Հակոբ Կարակարապետյանն ասել է, թե ես եմ իրեն հայհոյել, վիրավորել, իսկ ինքը փորձել է այս խոսակցությունը տանել ավելի կոռեկտ դաշտ։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Քաղաքացուն ես պատասխանել եմ այն կոնտեքստով, ինչով ինքն ինձ վիրավորել է։ Դրանից անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ։ Խնդրել եմ հեռախոսահամարը՝ հասկանալու համար, թե ոնց կարող է անծանոթ մարդը չճանաչելով դիմացինին, հայհոյել։ Նորից ստացել եմ հայհոյանքների տարափ և ուղղակի դադարել է շփումը»։
Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ Կարապետյանը երկու օր հետո զանգել է իր աշխատասենյակ, խնդրել, որ Բաբայանն իր հետ կապ հաստատի։
«Հասկանալով, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, փորձել եմ զերծ մնալ այդ ամենից և չեմ զանգել իրեն։ Տեսնելով, որ իրենց չեմ զանգում, 10-15 նամակներ է ուղարկել՝ տեղալով հայհոյանքների տարափ։ Դրանից հետո զանգել եմ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Լսելով իմ ձայնը՝ անջատել է հեռախոսը։ Ես իրեն երբևէ չեմ տեսել, իր հետ առնչություն չեմ ունեցել, չեմ ճանաչում։ Այո՛, մենք բռնությունը դատապարտում ենք։ Մեզ համար ընդունելի է արդար քննադատությունը»,-ասաց Ավետ Բաբայանը։