.jpg)
Երևանում անցկացվում է 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մրցաշար. Լուսանկարներ
Երևանում սեպտեմբերի 21-26-ն անցկացվում է 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական ծառայություն» մեդալակիր, «Աջափնյակ» ակումբի նախկին անդամ Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մրցաշար։
Մրցաշարն արդեն 5-րդ անգամ է կայանում։

«Մրցաշարը մեկնարկել ենք 2021 թվականին՝ Վարդանի զոհվելուց հետո։ Անցկացման օրերեն էլ ֆիքսված են՝ սեպտեմբերի 21-26-ը՝ կապված Անկախության օրվա և Վարդանի ծննդյան օրվա հետ։ Սեպտեմբերի 26-ը Վարդանի ծննդյան օրն է։ Սեպտեմբերի 26-ին կլինի մրցաշարի եզրափակիչ խաղը, դրանից լավ նվեր Վարդանի ծնունդին՝ չէի կարող պատկերացնել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վարդանի հայրը՝ Արմեն Պետրոսյանը։
Նա նաև ավելացրեց, որ փոքր հասակից Վարդանը զբաղվել է բասկետբոլով, դա եղել է նրա տարերքը.«Տարբեր սպորտաձևերով է զբաղվել, սակայն տարված էր հենց բասկետբոլով։ Բասկետբոլի պատանեկան հավաքականի անդամ էր։ Զորակոչվեց բանակ ու հավաքականի կազմում չհասցրեց խաղալ, բայց մարզումներին մասնակցում էր»։

Արմեն Պետրոսյանը նշում է՝ որպեսզի Վարդանի տեղը բասկետբոլում դատարկ չմնար, ինքը ցանկացել է բասկետբոլի կողքին լինել.«Շատ էի ցանկանում, որ բասկետբոլում Վարդանի անունը միշտ հնչեր։ Երբ ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացավ, Վարդանն այդ ժամանակ ծառայում էր արդեն, քրոջ հետ խոսակցության ժամանակ ասել էր՝ «ես էլ կուզեմ այնպիսի բասկետբոլիս դառնալ, որ հետագայում իմ անունով բասկետբոլի մրցաշար լինի»։ Վարդանի հուղարկավորությունից հետո քույրն է պատմել այդ մասին։ Այդ օրվանից ծագեց մրցաշար անցկացնելու գաղափարը»։

Մրցաշարը միջազգային է, արդեն 4-րդ տարին է՝ մրցաշարին մասնակցում են նաև արտերկրից թիմեր։ Այս տարի մասնակցում է 8 թիմ՝ բոլորը ՀՀ-ից։
Մրցաշարը կազմակերպում է Պետրոսյան ընտանիքը։ Վարդանի անունով ստեղծվել է հասարակական կազմակերպություն՝ «Վարպետ»-ը, որը զբաղվում է կազմակերպչական գործերով։

«Վարդանի զոհվելու հստակ ամսաթիվը չունեմ, Վարդանին գտել եմ հոկտեմբերի 20-ին՝ Վարանգաթաղի բարձունքների մոտ, հուղարկավորել ենք նոյեմբերի 11-ին»,-պատմեց Վարդանի հայրը։