.jpg)
«Դիլիջանյան օրեր». մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով։ Միջոցառումների սկիզբը՝ ժամը 18:00: Մուտքն ազատ է:
Փառատոնի աջակից գործընկերն է «Green Rock» հիմնադրամը։
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ Փառատոնի շրջանակում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ ելույթ կունենան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Վանաձորի կամերային նվագախումբը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախումբը: Փառատոնին կմասնակցեն մենակատարներ Վաչե Հովեյանը (ալտ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն):
Փառատոնի շրջանակում կհնչեն կատարումներ՝ նվիրված ճանաչված կոմպոզիտորների հոբելյաններին՝ Ալեքսանդր Աճեմյան (100-ամյակ), Ալեքսանդր Հարությունյան (105-ամյակ), Ղազարոս Սարյան (105-ամյակ), Գևորգ Արմենյան (105-ամյակ), Էդգար Հովհաննիսյան (95-ամյակ), Խաչատուր Մարտիրոսյան (80-ամյակ), Արմենուհի Կարապետյան (60-ամյակ), Վարդ Մանուկյան (70-ամյակ):
Փառատոնի ընթացքում կհնչեն նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, Դավիթ Հալաջյանի, Նարինե Զարիֆյանի, Հայկուհի Հակոբյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Կարեն Անանյանի, Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 27-ին Կոմպոզիտորների ստեղծագործական տանը ՀԿՄ առաջատար կոմպոզիտորների մասնակցությամբ կանցկացվի վարպետության դաս-դասախոսություն՝ Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների աշակերտների համար: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ներկայությունը հաստատելով հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]:
Նշենք, որ Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը հիմնադրվել է 2014 թվականին և դարձել հայ ժամանակակից երաժշտության առաջատար հարթակներից մեկը՝ լայն հնարավորություն ընձեռելով ժամանակակից կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։ Միևնույն ժամանակ, փառատոնը շարունակում է երաժշտասեր հանրությանը ծանոթացնել ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությանը։ Փառատոնը միավորում է հանրապետության լավագույն երաժշտական կոլեկտիվներին և մենակատարներին՝ շեշտադրելով նոր սերնդի երաժիշտներին աջակցելու և նրանց մեծ բեմ դուրս բերելու իր առաքելությունը։