Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը․ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն
29/09/2025 18:30

Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը․ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն

Ֆորբս ամսագիրը հրապարակել է Հայաստանին նվիրված հատուկ զեկույց, որտեղ ներկայացվում է մեր երկրի տնտեսական ու ներդրումային գրավչությունը: Զեկույցում առանձին հեղինակային անդրադարձ է կատարվել նաև Ամերիաբանկին և վերջին տարիներին բիզնեսի տարբեր ուղղություններով բանկի արձանագրած ցուցանիշներին ու ձեռքբերումներին:

Բացի այդ, զեկույցում տեղ է գտել Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի հարցազրույցը, որտեղ խոսվում է Հայաստանի տնտեսության մեջ բանկի նշանակալի դերակատարության մասին` որպես վարկային պորտֆելով խոշորագույն ֆինանսական հաստատությունը Հայաստանում:

-Ինչպե՞ս եք նպաստում Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը։

Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանն աջակցելու հարցում։ Հայաստանը դեռևս բավարար ճանաչում չունի համադրելի երկրների համեմատ, ուստի մենք համաշխարհային ներդրողների լայն ցանցի հետ ակտիվորեն կիսվում ենք տնտեսության և բանկային համակարգի վերաբերյալ տվյալներով։ Հայաստանի ներուժի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ սերտորեն աշխատում ենք ներդրումային բանկերի, ֆոնդերի և ինստիտուցիոնալ կառույցների հետ։ Այս շարունակական ներգրավվածությունը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ երկրի միջազգային իմիջի բարելավումը երկարաժամկետ գործընթաց է։ Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը։

-Ինչպե՞ս եք աջակցում Հայաստանում արագ զարգացող ոլորտներին։

Մեր ուժեղ կողմերից մեկն ընդհանուր տնտեսության, բիզնես միջավայրի և մեր հայրենակիցների վարքագծի լավ իմացությունն է։ Մեր ղեկավար թիմի անդամներից շատերն ունեն խորհրդատվական կամ տնտեսության իրական հատվածում աշխատանքային փորձ, ինչը մեզ օգնում է բացահայտել մեծ ներուժ ունեցող ուղղությունները և դրանցում առաջատար ընկերությունները։

Ունենալով ամենամեծ վարկային պորտֆելը Հայաստանում` վերջին 12 ամսվա ընթացքում մենք կարողացանք այն ավելացնել` ապահովելով ավելի քան 35 տոկոսի աճ։ Հաճախորդների տարբեր սեգմենտներում 25-35 տոկոս աճին նպաստել է թիրախային մոտեցումը և շուկաների փոփոխություններին հարմարվելու մեր կարողությունը: Մենք ոչ միայն ֆինանսավորում ենք տրամադրում, այլև համագործակցում ենք մեր հաճախորդների հետ, կիսվում գիտելիքնով և խրախուսում լավագույն փորձի կիրառումը՝ ինտեգրելով բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) ստանդարտները։

Մենք նաև լայնորեն կիրառում ենք արհեստական ​​բանականություն՝ հաճախորդների վարքագիծն ավելի խորքային հասկանալու և տրամադրելու անհատականացված լուծումներ։ Ներկայումս ավտոմատացված մոդելները սպասարկում են մեր կողմից տրամադրվող սպառողական վարկերի ավելի քան 90 տոկոսը։

Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը․ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն