Ստեփանակերտի բենզինի պահեստում պայթյունի ժամանակ անհետ կորած Արման Ավագյանի հայրը որդուն գտնելու հույսը չի կորցնում․ աջակցության է սպասում
01/10/2025 21:51

Ստեփանակերտի բենզինի պահեստում պայթյունի ժամանակ անհետ կորած Արման Ավագյանի հայրը որդուն գտնելու հույսը չի կորցնում․ աջակցության է սպասում

Ստեփանակերտի բենզինի պահեստում պայթյունի հետևանքով անհետ կորած Արման Ավագյանի հայրն Aysor.am-ի հետ զրույցում  ասում է՝  մինչ օրս ոչ մի կառույց պայթյունից հետո անհետ կորածների հարցով լուրջ քայլեր չի ձեռնարկել։

«44-օրյա պատերազմին հարազատ գյուղը կորցնելուց հետո երեք տարի ապրել ենք Ստեփանակերտում։ Բենզինի պահեստի պայթյունի օրը որդիս իմ կողքին է եղել, ես չեմ հիշում՝ ինչպես եմ այդտեղից դուրս եկել, պայթյունից ոտքս է այրվել, հիմա սպիներ են մնացել»,- պատմում է նա։

Ավագ Ավագյանը հիշում է՝ փրկարարներն իրենց թույլ չեն տվել մոտենալ վիրավորներին, որդու մարմինը պայթյունի վայրում չի գտնվել, ԴՆԹ նույնականացում մինչև այս պահը չկա։ Լսել է խոսակցություններ, որ պայթյունի օրը ադրբեջանցիները շտապօգնության մեքենաներով վիրավորների են տարել։ Ավագ Ավագյանը ենթադրություն ունի, որ նրանք, ովքեր չեն նույնականացվել, չի բացառվում, որ գերեվարվել են։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ դեպքի մանրամասները բացահայտելու, տարբեր վարկածներ քննարկելու անելիքը ՀՀ Քննչական կոմիտեինն է, վարույթ հարուցելուց հետո, որպես այդպիսին, քննչական գործողություններ չեն իրականացվել, կարծես՝ ինչ-որ դարակում դրված է այդ գործը, որևէ առաջընթաց չկա։

«Դիմել եմ Գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին՝ խնդրելով զարգացումների մասին տեղեկություն տրամադրել, բայց դիմումները մնացել են անարձագանք»,- ասում է նա։

Անհետ կորածների հարազատների կողմից նամակներ են հասցեագրվել ԱԱԾ-ին, տարբեր գերատեսչությունների՝ խնդրանքով, որ բանակցեն Ադրբեջանի հետ, որպեսզի տեղում վերսկսվեն որոնողական աշխատանքները։

Գեղամ Ստեփանյանը հիշեցնում է՝ 2024 թվականի առաջին ամիսներին խոսակցություն կար, որ հնարավոր է՝ թույլ տան Արցախի ԱԻՆ աշխատակիցներին տեղում իրականացնել նոր որոնողական աշխատանքներ, բայց ադրբեջանական կողմն անընդհատ հետաձգում էր՝ այնքան, մինչև որ պարզ դարձավ՝ նպատակ չունեն թույլ տալու։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծում է՝ այդուհետ թեման երկկողմ քննարկումների առարկա չի դարձել, միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին ուղղված նամակները, որ միջնորդեն որոնողական աշխատանքների իրականացում կազմակերպել, մնացել են անարձագանք։

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան