.jpg)
«Սիմֆոնիկ Հոլիվուդ. Ուիլյամս». հոկտեմբերի 10-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացառիկ համերգ է ունենալու
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացառիկ համերգ է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. կհնչեն «Օսկարի» և «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի հայտնի կինոմեղեդիները։
«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», «Սուպերմեն», «Տանը մենակ», «Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակը», «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» և այլ ֆիլմերի երաժշտությունը՝ գեղեցիկ լուսային համադրմամբ, կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հատուկ այս համերգի համար նվագախումբը ձեռք է բերել ստեղծագործությունների՝ Ջոն Ուիլյամսի կողմից հաստատված նոտաները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ համերգն առաջին ագամ է իրականացվելու Հայաստանում այս ձևաչափով։
«Մենք միշտ ցանկացել ենք ներկայացնել այն բնօրինակ ստեղծագործությունները, որոնք, կարծես, «դասական» են դարձել, այն իմաստով, որ դրանք Ջոն Ուիլյամսի կողմից ստեղծված ու հաստատված ստեղածագործություն են, այլ ոչ թե տարբեր կոմպոզիտորների կողմից փոփոխված, մշակված կամ գործիքավորված։ Դրանք, կարծես, դասական երաժշտության մի մաս են կազմել, որովհետև ունեն այնպիսի կառուցվածք, որոնք սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կարող են հնչել համերգասրահներում՝ որպես անձի ստեղծագործություններ, այլ ոչ թե կինոֆիլմին կից երաժշտություն»,- նշեց Բալբաբյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենի խոսքով՝ ստեղծագործությունները բացառիկ են այն իմաստով, որ դրանցում պահպանված են բոլոր հեղինակային իրավունքները, ինչին նվագախումբը հստակ հետևում է, ներկայացվելու են այն նոտաները, որոնք Ուիլյամսն ինքն է հաստատել ու ստորագրել, բոլոր նոտաների վրա կա նրա ստորագրությունը։
Նվագախմբի կողմից այս տարի բացառիկ նախագծեր շատ են սպասվելու, լրանում է նվագախմբի 20-ամյակը, սեպտեմբերից մեկնարկել է 20-րդ հոբելյանական համերգաշրջանը, որը ներառում է հետաքրքիր նախագծեր, մեծ հյուրախաղեր Հայաստանում ու արտերկրում։
«Մենք կունենանք տարածաշրջանային համերգներ՝ ընդգրկելով տարբեր մարզեր, ինչպես նաև մեծ հյուրախաղեր, նոյեմբերին նվագախումբը գերմանական համերգասրահների հրավերով մեկնելու է Գերմանիա, 15 համերգով ներկայացնելու ենք կատարողական արվեստը՝ բոլոր համերգներում ներառելով նաև հայ կոմպոզիտորների ստեղագործությունները։ Նաև ունենալու ենք նոր նախագծեր՝ ներգրավելու երիտասարդ ունկնդիրներին, բոլոր նախագծերը՝ կինոերաժշտությունը, տարբեր այլ ժանրերի միախառնումն ու միաձուլումը դասական երաժշտությանն ունեն միայն մեկ նպատակ, որ այն մարդիկ, ովքեր հեռու են դասական երաժշտությունից, գան դասական երաժշտության համերգներին նաև հանրամատչելի ծրագրերի միջոցով, որոնց մենք անվանում ենք սիմֆոնիկ սերիաներ»,- մանրամասնեց Սարգիս Բալբաբյանը։
Նվագախմբի համերգներն անցկացվում են լեփ-լեցուն համերգասրահներում, որի համար, ինչպես ընդգծում է նվագախմբի տնօրենը, մեծ աշխատանք է կատարվում։
«Մեզ համար շատ կարևոր են կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են մեր համերգներին՝ ներգրավելով նաև երիտասարդ ունկնդիրներին։ Մեր «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը, որով նվագախումբը ներկայանում է հանրակրթական դպրոցներում՝ ներկայացնելով դասական երաժշտության կարևորությունը, ինտերակտիվ խաղերի միջոցով ներգրավում է աշակերտներին։ Նրանք գալիս են համերգներին, շատերն առաջին անգամ են լինում համերգասրահներում, ինչը կարևոր է, որ սիրեն դասական երաժշտությունը։ Պետք է նշենք, որ գնալով այդպիսի մարդկանց քանակն աճում է, երիտասարդները մեր համերգներին կազմում են բավական մեծ տոկոս»,- հավելեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։