Զոհերի ԴՆԹ-ները պղծած իշխանությունը մի դավաճանի հրապարակավ չդատեց, բայց դատում է անհետ կորածի հարազատին. Ակցիա՝ ի աջակցություն Արսեն Ղուկասյանի (Տեսանյութ)
10/10/2025 11:34

Զոհերի ԴՆԹ-ները պղծած իշխանությունը մի դավաճանի հրապարակավ չդատեց, բայց դատում է անհետ կորածի հարազատին. Ակցիա՝ ի աջակցություն Արսեն Ղուկասյանի (Տեսանյութ)

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առաջ՝ աջակցելու 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանին։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ շենքի հետնամասում ռազմական ոստիկանների հետ միջադեպից հետո ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է։

Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Գալստյանի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը, նշեց, որ անընդունելի է Ղուկասյանի կալանավորումը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

«Նրա սրտի վիրահատությունն արգելք է հանդիսանում ապօրինի կալանքի համար։ Եթե մի մարդ ուզում է գնա դատը լսի ու իմանում է, որ դատավորը Մասիս Մելքոնյանն է, կարող է միանգամից իմանա, որ կալանք է նշանակելու։ Ներկայիս իշխանությունը պարտության համար մի դավաճանի հրապարակավ չեն բերել դատել, հիմա դատում են  այն մարդկանց, ովքեր 2020 թվականից Արցախում են եղել, որոնողա-փրկարարական աշխատանքերին են մասնակացել։ Այն մարդկանց, որոնք սրբորեն մասունքներքը հավաքել, ուղարկել են Հայաստան, իսկ ներկայիս իշխանությունները ԴՆԹ-ները պղծել են»,-ասաց նա։