Ինչո՞ւ չպետք է թուրքական ներդրումներ գան, մենք էլ կարող ենք գնալ, այնտեղ ներդրումներ անել․ Պապոյան (Տեսանյութ)
13/10/2025 12:03

Ինչո՞ւ չպետք է թուրքական ներդրումներ գան, մենք էլ կարող ենք գնալ, այնտեղ ներդրումներ անել․ Պապոյան (Տեսանյութ)

Հայաստանն առաջիկա տարիներին կզգա ամերիկյան տնտեսության, ապրանքանիշերի և ներդրումների ավելի մեծ ներկայություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ամերիկյան ներդրումների աճն անխուսափելի է, և կառավարությունը նպաստում է այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Դիտարկմանը, թե որոշ շրջանակներում մտահոգություններ կան, որ ամերիկյան ընկերությունների անվան տակ կարող են գործել թուրք-ադրբեջանական ընկերություններ, Պապոյանն արձագանքեց, որ թուրքական ընկերություններ Հայաստանում կան դեռևս 2012-13 թվականներից։

«Նույն հագուստի մանրածախ առևտրի ցանցերում մի քանի բրենդներ կան, որոնք թուրքական ծագում ունեն։ Ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետև ցանկացած խաղաղություն, եթե չի ամրապնդվում ֆինանսական ներդրումներով, չի կարող կայուն լինել։ Խաղաղության հաստատման պարագայում, սահմանների բացումից հետո ինչո՞ւ չպետք է թուրքական ներդրումներ գան։ Մենք էլ կարող ենք գնալ, այնտեղ ներդրումներ անել, հակառակ պարագայում ո՞նց ենք ունենալու կենսունակ պետություն։ Նայեք մեր պետության նախորդ երեք տասնամյակների պատմությանը»,- ասաց նախարարը։

Խոսելով թուրքական բրենդների հնարավոր գործունեության մասին՝ նախարարը հավելեց․ «Եթե ինչ-որ հյուրանոց բացվի Հայաստանում որևէ երկրի թուրքական բրենդի անվան տակ, ի՞նչ խնդիր կա։ Եթե կարող է բացվել 2012-ին, ինչո՞ւ չի կարող բացվել 2026-ին։ Կարևորը՝ ներդրում լինի, աշխատատեղեր ստեղծվեն և տնտեսությունը զարգանա»։

Անդրադառնալով Թրամփի ճանապարհին՝ TRIPP-ին, Պապոյանը նշեց, որ այն կապված է բացառապես ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության հետ․

«TRIPP-ի գործակցությունը միայն և միայն ԱՄՆ-ի հետ է։ Ճանապարհի հետ որևէ մեկը գործ չունի․ ճանապարհի հետ գործ ունեն ՀՀ-ն և ԱՄՆ-ն։ Այլ բան չի լինելու, դա է գրված թղթին»,– ընդգծեց Պապոյանը։

Ինչո՞ւ չպետք է թուրքական ներդրումներ գան, մենք էլ կարող ենք գնալ, այնտեղ ներդրումներ անել․ Պապոյան (Տեսանյութ)