.jpg)
Նախագիծ, որը կարող է լրջորեն փոխել ՀՀ-ի ապագան. տեղի ունեցավ «Հյուսիս-հարավ երկաթուղին. իրական խաղաղության ծրագիրը» քննարկումը
Հայաստանը չունի ելք դեպի ծով, նաև գտնվում է շրջափակման մեջ, հիմա մեր միակ երկաթուղային ելքը դեպի ծով Վրաստանի միջոցով է, որը մեզ խոցելի է դարձնում տնտեսական առումով։ Այս պայմաններում հասկանալի է, որ կարևոր նշանակություն է ստանում TRIPP-ի ծրագիրը, որը թմբակահարեց օրվա կառավարությունը։ Բայց արդյո՞ք այս ծրագրի իրագործումը լուծում է Հայաստանի խնդիրները։ Եթե անգամ պատկերացնենք, որ այս իշխանությունն ինչ-որ հրաշքով իրագործում է նախագիծը, ապա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, անգամ նորերն են ի հայտ գալիս, մասնավորապես՝ Հայաստանը երկաթուղային կապով փոխկապակցված չէ, ինչը նշանակում է, որ այս նախագծի իրագործման դեպքում Սյունիքը տնտեսապես ավելի շատ կկապվի Ադրբեջանի հետ։
Երկրորդ խնդիրն այն է, որ մեր բոլոր երկաթուղային ելքերը տեղի են ունենալու կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի միջոցով, ինչը ենթադրում է քաղաքական, տնտեսական ճնշման բացառիկ լծակներ։
«Այս նախագծի գլխավոր խնդիրն այն է, որ TRIPP-ն աշխարհաքաղաքական ռումբ է դնում իբրև թե հռչակված խաղաղության տակ»,- այս մասին «Հյուսիս-հարավ երկաթուղին. իրական խաղաղության ծրագիրը» քննարկմանը նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Հարավային Կովկասում. Արևմտյան բլոկի և Բրիկսի երկրներն առերեսվում են, կան գորշ գոտիներ, որտեղ ազդեցության պատերազմ է մղվում։
Ըստ էության TRIPP-ի իրագործումը բացարձակորեն արհամարհում է Բրիկսի երկրների շահերը, նախագիծը դառնում է թուրանական գործիք, որ Արևմուտքն օգտագործելու է իր աշխարհաքաղաքական նպատակների համար. ինչը հանգեցնելու է սուր մրցակցության՝ դառնալով սպառնալիք մեր պետության համար»։
Լևոն Զուրաբյանը հիշեցնում է՝ այսպիսի իրավիճակում է գտնվել Ադրբեջանը 1993թ.-ին, երբ աշխարհաքաղաքական մեծ մրցակցություն էր սկսվել Ադրբեջանի նավթի համար, 1994թ.-ին, երբ կնքվեց «Դարի պայմանագիր»-ը, ըստ էության, Ադրբեջանի նավթը բաժանվեց աշխարհաքաղաքական խաղացողների միջև, որից հետո Ադրբեջանը կայունացման հնարավորություն ստացավ, ապա, ի վերջո, կարողացավ փոխել ռազմական բալանսը։ Հայաստանին պետք է «դարի գործարք»՝ այն, ինչ Ադրբեջանի համար նավթն էր, մեզ համար Սյունիքն է, որն աշխարհաքաղաքական խաղացողների համար մեծ հետաքրքրություն է առաջացնում իբրև տրանզիտային գոտի. ով տիրապետում է այդ գոտուն, ստանում է առավելություն։ Մեզ պետք է հայկական դարի գործարք՝ այսինքն՝ տրանզիտային գոտու գործարկման համար պետք է հրավիրվեն աշխարհաքաղաքական այլ բաժնետերեր՝ Հնդկաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը՝ ստացվում է նախագիծ, որ անվանում ենք՝ TRIPP+BRICS։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ առաջարկվում է կառուցել երկաթուղի, որով Սյունիքը կկապվի ամբողջ Հայաստանին, այդպիսով Հայաստանը կդառնա լավ առաջարկ որպես տրանզիտային երկիր։ Գուցե թվա, թե այս նախագիծը երազանք է, մինչդեռ ոչ միայն երազանք չէ, այլև մշակված, հաշվարկված նախագիծ է, որը սկսել էր իրականացնել Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան։
«Հարկ է նշել, որ 2012թ.-ին երկաթուղու կառուցման վերջնական նախագիծն է ստեղծվել։ Բոլոր փաստաթղթերը կան, եզրակացությունն այն է, որ այն կաշխատի նաև որպես եկամտաբեր նախագիծ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս ծրագիրը թաղեց և հիմա չի էլ իրագործի, որովհետև Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»։