.jpg)
Եթե իրական իրավաբանություն և արդարադատություն լինի, Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը կմերժվի․ Վարդևանյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց՝ «եթե իրական իրավաբանություն, արդարադատություն լինի, միանշակ է, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը պետք է մերժվի»։
Միևնույն ժամանակ Վարդևանյանն ընդգծեց՝ մեծ ակնկալիքներ չունեն, չեն կարծում, որ այսօրվա պայմաններում դատարանը կպահպանի «100 տոկոսանոց իրավաբանության» նշաձողը, սակայն Կարապետյանի պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներն այնքան հիմավոր են, որ նույնիսկ «5-ից 10 տոկոս իրավաբանությունը բավարար է», որ ազգային բարերարի կալանքը երկարաձգելու միջնորդությունը մերժվի։
Վարդևանյանը տեղեկացրեց նաև՝ դատական նիստի այս փուլում դատարանը պետք է հարցեր ուղղի պաշտպանական կողմին։
Ապա դատավորը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։