.jpg)
Լաբորատորիայում դաբաղի արձանագրված դեպք չունենք. Գառնիկ Հովհաննիսյան
Արդեն տևական ժամանակ է, քաղաքացիներն ահազանգում են, որ ՀՀ մի քանի մարզում դաբաղ հիվանդություն է տարածված։
«Հիվանդության հետ կապված ունենք բազմաթիվ ահազանգեր և արձագանքներ այդ ահազանգերին։ Դա նման է այլ հիվանդությունների, որոնք կենդանիների մոտ բշտիկներ են առաջացնում՝ բերանի հատվածներում։ Մենք այդ դեպքերին արձագանքել ենք, նաև մեր մասնագիտական խմբով նմուշառումներ ենք իրականացրել։ Լաբորատորիայում դաբաղի արձանագրված դեպք չունենք։ Մենք իրազեկել էինք մեր հանրությանը, որ հարևան երկրում դաբաղի դեպքեր կան, մեր քաղաքացիներն էլ էին արձագանքում, որ իրենց մոտ էլ կա այդ հիվանդությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության ԳԾԿ ՊՈԱԿ-ի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մարդկանց շրջանում վախ կա, որ այդ հիվանդությունը կենդանուց կարող է փոխանցվել մարդուն։ Հովհաննիսյանը, սակայն, հանգստացնում է՝ դաբաղը կենդանուց մարդուն չի փոխանցվում։
Հարցին՝ եթե մարդն օգտագործում է դաբաղով վարակված կենդանու միսը, արդյո՞ք նրա համար դա վտանգավոր չէ՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան պատասխանեց.«Առհասարակ, միսն ու կաթը պետք է ջերմային մշակում անցնեն։ Օրինակ, մենք ունենք անասնատերեր, որոնք ասում են, որ կաթը կթում են ու միանգամից խմում, ինչը սխալ է։
Օրինակ, բրուցելոս հիվանդությունը մարդու համար ավելի ծանր է, քան դաբաղը։ Դաբաղը տնտեսական հիվանդություն է, մարդու առողջությանը վնաս չի պատճառում։ Ավելի լավ է մարդիկ վախենան այլ վտանգավոր հիվանդություններից և հում վիճակով չօգտվեն ո՛չ կաթից, ո՛չ մսից։ Թող պարտադիր ջերմային մշակում անցնելուց հետո միայն օգտագործեն, որպեսզի, եթե նույնիսկ այդ կենդանին ինչ-որ հիվանդություն էլ ունեցած լինի, ջերմային մշակումից հետո վերանա»։
Հովհաննիսյանը շեշտեց, որ սեպտեմբերի 16-ից արդեն ստացել են դաբաղի նոր շտամի դեմ պատվաստանյութերը.«Արդեն բաշխել ենք անասնապահներին, պատվաստել ենք։ Քանի որ կենդանիներն այդ շտամի դեմ չունեն իմունիտետ, պետք է կրկնակի պատվաստում իրականացվի։
Ունենք մարզեր, որտեղ կրկնակի պատվաստումներ ենք իրականացրել, պատվաստումից հետո պետք է 21 օր անցնի, որպեսզի լիարժեք իմունիտետ ձևավորվի։ Տեղեր ունենք, որ այդ 21 օրն էլ է անցել։ Կարելի է ասել, որ մենք զերծ կմնանք այդ հիվանդությունից, նույնիսկ եթե արոտավայրերը շատ մոտ են սահմաններին»։
Նրա խոսքով՝ այդպիսի պատվաստանյութ չկա, որը 100 տոկոսանոց պաշտպանում է, սակայն այս դեպքում, եթե կենդանին պատվաստված է, 70-80 տոկոսով, գրեթե բացառվում է, որ կվարակվի դաբաղով.«Պատվաստանյութերի որակը շատ բարձր է, և կարող ենք ֆիքսել, որ համաճարակ չենք ունենալու»։
Նա նաև հավելեց, որ պատվաստանյութերը Էկոնոմիկայի նախարարությունն անվճար է տրամադրել քաղաքացիներին.«Ե՛վ պատվաստանյութերը, և՛ իրականացվող միջոցառումները պետպատվերի շրջանակներում են, գյուղացին դրա համար չի վճարելու»։
Նրա տեղեկացմամբ՝ հիմնական ահազանգերը ստացել են Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերից։