.png)
Գործընկերային հարաբերություններ ՌԴ-ի, Վրաստանի հետ կա՛մ չկան, կա՛մ խնդիրներն արագ չեն լուծվում. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատագամավոր Գառնիկ Դանիելյանը միացել էր կառավարության առջև ցույցի դուրս եկած բեռնատարների վարորդներին։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ հարցը պետք է պատշաճ լուծման արժանանա, որովհետև դրանից է կախված ՀՀ տնտեսության և անվտանգային վիճակը։
«Իմ տվյալներով՝ շուրջ 400-ից ավելի բեռնատարի վարորդներ բախվել են այս խնդրին, ավարտվել է ՌԴ մուտք գործելու ժամկետը։ Կարելի էր չէ՞ այնպես անել, որ նախապես հարցը լուծվեր։ Մի երկրում ենք ապրում, որ արագ և մոբիլ գործընկերային հարաբերությունները կա՛մ չկան, կա՛մ արագ չեն լուծվում»,-ասաց նա և օրինակ բերեց ամիսներով չլուծվող կոնյակի արտահանման խնդիրը՝ Վրաստանի հետ, ծաղկի արտահանման խնդիրը՝ ՌԴ-ի հետ։
«Միշտ փափուկ ուժի քաղաքականությունը կա, տարբեր երկրներ կիրառում են իրենց բողոքը կամ հարաբերությունների վատթարացումն ինչ-որ մի ձև արտահայտելու, ազդելու վրա։ Հիմա կոնկրետ խնդիրը կա, առաջին հերթին պետք է զանգեին իրենց գործընկերներին։ Ասում են, որ կապեր ունենք, որ ռազմավարական գործընկեր ենք, որևէ խնդիր չունենք Վրաստանի հետ, նույնը՝ ՌԴ-ի հետ, բայց առաջանում է։ Եթե գործընկերային նորմալ հարաբերություններ են լինում, այդ խնդիրներն արագ կարգավորում են։ Նախկինում էլ խնդիրներ եղել են, բայց համապատասխան մարմինների հետ արագ, օպերատիվ աշխատանք է տարվել, որ խնդիրը լուծվի»,-ասաց նա։