.png)
ՊԵԿ-ը հրապարակել է սեպտեմբեր ամսվա հսկողական աշխատանքների արդյունքները․ արձանագրվել են հարկային և աշխատաշուկայական բազմաթիվ խախտումներ
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
ՊԵԿ-ը ներկայացնում է 2025 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 513 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է շուրջ 187․7 մլն դրամ։ Արձանագրված խախտումներից 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 38.4 մլն դրամի չափով:
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 34 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 18.5 մլն դրամ։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 11 հարկ վճարող տուգանվել է 11.750 մլն դրամով:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 43 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 16.9 մլն դրամի չափով տուգանք: