.png)
Գյումրիում ոստիկանությունը կրկին նոր ուժեր է համալրել. Ղուկասյանին քաղաքապետարանից հանելու համար քայլեր են նախապատրաստվում
Գյումրու քաղաքապետարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Քաղաքապետարանի առջև հավաքված մեծ թվով գյումրեցիներն իրենց բողոքն են արտահայտում քաղաքապետարանում քննչական գործողություններից, քաղաքապետի և մյուսների ձերբակալություններից։
Գյումրու քաղաքապետարան են ժամանել փոխոստիկանապետեր Կարեն Հակոբյանը, Վարդան Վարդանյանը, նաև ոստիկանական զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։
Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում քաղաքապետարանի մոտ։ Նշվում է, որ ոստիկանությունը կենտրոնական հրապարակը փակելու մտադրություն ունի, որպեսզի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կարողանան քաղաքապետարանի շենքից դուրս հանել։
Ի դեպ, քաղաքապետարանի մոտ է նաև Վարդան Ղուկասյանի դուստրը, ում թույլ չտվեցին ներս մտնել։
Հիշեցնենք, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են, դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։