.jpg)
Սրտանոթային հիվանդությունները մնում են մահացության հիմնական պատճառ ոչ միայն մեր երկրում, այլև` աշխարհի զարգացած երկրներում
Եվրակովկասյան սրտաբանության 9-րդ երկօրյա համաժողովը (ECCC 2025) մեկ հարկի տակ էր հավաքել սրտաբաններին ու ոլորտի պատասխանատուներին. հարթակ, որը տարիներ ի վեր նպաստում է գիտելիքների շարունակական փոխանակմանն ու հայկական սրտաբանության զարգացմանը։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն անդրադարձել է սրտանոթային հիվանդությունների բուժման պետական ծրագրերին` ընդգծելով, որ վերջին տարիներին ծավալուն աշխատանքներ են տարվել կատարելագործելու դրանք:
«Միայն նախորդ տարի «Ստենտ` կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառու չհանդիսացող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է անվճար: Օգոստոսից ընդլայնվել է ծրագիրը, և առանց ST սեգմենտի էլևացիայի ինֆարկտով հիվանդները ևս, ըստ ցուցումի, ընդգրկվում են ծրագրի մեջ: Ինսուլտի պետական ծրագիրն էլ ընդլայնում ենք դեպի մարզեր, գործում է նաև աորտայի շերտազատման անվճար վիրահատությունների ծրագիրը»,- նշել է Արմեն Գասպարյանը։
Սրտանոթային հիվանդությունները մնում են մահացության հիմնական պատճառ ոչ միայն մեր երկրում, այլև` աշխարհի զարգացած երկրներում` չնայած բժշկագիտության զարգացմանը և նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: