Բաքվում կեղծ դատավարության ժամանակ ուշադրության արժանի իրադարձություններ են տեղի ունենում. Աբրահամյան
20/10/2025 10:20

Բաքվում կեղծ դատավարության ժամանակ ուշադրության արժանի իրադարձություններ են տեղի ունենում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրության արժանի իրադարձություններ են տեղի ունենում:

Նախորդ լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանն իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։

Այն, որ Ադրբեջանը, ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե պարզ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը, որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները:

Դավիթ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատարանին, որպեսզի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետև այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումը ապացուցող որևէ փաստ չկա:

ՀՀ իշխանությունների` Բաքվի կեղծ դատավարության ընթացքին անհաղորդ մնալը, ազատել է Ադրբեջանի թևերը` ազատ ստեղծագործելու և կեղծիքների մի մեծ տրցակ վերագրելու ՀՀ-ի և Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների և ազգային ազատագրական պայքարի նվիրյալների»:

Բաքվում կեղծ դատավարության ժամանակ ուշադրության արժանի իրադարձություններ են տեղի ունենում. Աբրահամյան