.png)
Պապոյանը խնդիրը չի լուծել. բեռնափոխադրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում (Տեսանյութ)
Բեռնափողադրողներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ հինգշաբթի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպումը արդյունք չի տվել, իրենց խնդիրը չի լուծվել։
Նրանք դարձյալ պահանջում են հանդիպում Պապոյանի հետ։
«Սա քաղաքական չէ, մենք այդ ամենից հեռու մարդիկ ենք։ Սա շրջափակման առաջին փուլն է։ Աշխարհի ամբողջ հայերը պետք է քաղաքական իրենց դիրքորոշումները մի կողմ դնեն և այս խնդրով զբաղվեն։ Եթե այս խնդրին լուծում չտվեցին, հունվարի մեկից կարող են լրիվ շրջափակման մեջ մտցնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115–րդ դաշնային օրենքի նոր փոփոխությունները, ըստ որի՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր-խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ ՌԴ նախագահի որոշմամբ՝ մինչև սեպտեմբերի 10-ը միգրանտներին հնարավորություն տրվեց կարգավորել խախտումներն ու շարունակել մնալ ՌԴ տարածքում՝ առանց վարչական տույժերի։ Քանի որ տրված ժամկետն արդեն սպառվել է, շուրջ 1 ամիս է՝ բավականին լուրջ հսկողություն է ՌԴ տարածքում, արդեն իսկ տասնյակից ավելի բեռնափոխադրողների արգելվել է ՌԴ մուտք գործել 5 տարի ժամկետով՝ թույլատրելի օրերի քանակը գերազանցելու համար։