Դիվերսիֆիկացիայի փոխարեն որոշել են ՀՀ-ն ընդգրկել թուրանական աշխարհի տնտեսական հարաբերությունների մեջ ու օգտագործել. տնտեսագետ
22/10/2025 16:17

Դիվերսիֆիկացիայի փոխարեն որոշել են ՀՀ-ն ընդգրկել թուրանական աշխարհի տնտեսական հարաբերությունների մեջ ու օգտագործել. տնտեսագետ

Դիվերսիֆիկացիայի փոխարեն որոշում են կայացրել Հայաստանն ընդգրկել թուրանական աշխարհի տնտեսական հարաբերությունների մեջ ու օգտագործել, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկ ներկրելուն, ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Նրա խոսքով՝  հացահատիկը, պարենային մթերքները ստրատեգիական են, և դրանց հետ կապված դիվերսիֆիկացիայի և իրար լրացնող ճանապարհների փոխարեն սկսում են օգտագործել մեկ ուղի, որն առաջին հերթին օգուտ է տալու Ղազախստանին՝ թուրանական բացահայտ քաղաքականություն վարող պետություններից մեկին, և այն երկրին, որտեղով այդ ճանապարհն անցնելու է, այս դեպքում՝ Ադրբեջանին.

«Այստեղ խնդիրը նաև գնի որոշակի էժան լինելն է։ Ռուսական կողմը, բնականաբար, երբ Ուկրաինայի հետ պատերազմն ավարտվի, հասկանալի պատճառներով կբարձրացնի հացահատիկի գինը։ Ղազախստանից մատակարարված ցորենը լինելու է համեմատաբար էժան՝ ռուսականից։ Իսկ դա նշանակում է, որ ներմուծվող ընդհանուր ծավալի մեջ ղազախականինը մեծանալու է։ Այստեղ վտանգ է առաջանալու։ Որոշ ժամանակ անց գնային տարբերությունը բերելու է նրան, որ  Հայաստանը Ռուսաստանից կամ Ուկրաինայից չի ներկրելու ցորեն։ Փաստացի անուղղակի կերպով ստացվում է, որ հայկական ստրատեգիական մատակարարման ընդհանուր ալգորիթմը  փոխվում է դեպի թուրանական պետություններ»։

Մասնագետը շեշտում է՝ մանավանդ պարենային անվտանգության պարագայում պետք է մտածել մի քանի իրար փոխլրացնող ճանապարհներ։

 «Ե՛վ Ադրբեջանի, և՛ ՀՀ ներկայիս իշխանությունների մոտ մոտիվ կա՝ փորձելու են ընտրություններից առաջ մարդկանց «կերակրել» շատ հաճախ երկարատև հեռանկարում խիստ բացասական հետևանքներ ունեցող միջոցառումների մասին գովքով։ Մարդիկ մտածում են, որ դրանով խաղաղություն է հաստատվել, բայց թող հիշեն, որ Ադրբեջանն այն երկիրն է, որ մի քանի տարի առաջ հայ ռազմագերիներին Ջերմուկում գնդակահարել է։ Հիմա դրանցից ինչ-որ խաղաղասիրական քայլեր սպասելը ճիշտ չէ»,-հավելեց նա։

 Կամենդատյանը չի բացառում, որ ամեն պահի այդ բացված ճանապարհը կարող է փակվել, եթե, օրինակ՝ ՀՀ իշխանության գան ազգային ուժերը.«Վստահ եղեք, որ այդ դեպքում ադրբեջանական այդ ճանապարհը միանգամից փակվելու է»։

 Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը  բավականաչափ ցորեն չի  մշակում, այլ հույսը ներմուծման վրա է դնում՝ տնտեսագետը պատասխանեց.«ՀՀ ցանքատարածությունները հացահատիկի մշակման, բարձր որակի  ցորեն ստանալու առումով ոչ թե սահմանափակ են, այլ կարելի է ասել՝ աննշան են։ Մենք  մոտավորապես 98 տոկոսով ներմուծում ենք հացահատիկը։ Հողերով և կլիմայով պայմանավորված՝ մենք չենք կարող մեր ներքին սպառումը բավարարել»։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին: 

 Այսօր էլ Թբիլիսիում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիևի այդ քայլը կարևոր համարեց և իր շնորհակալությունը հայտնեց նրան։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Դիվերսիֆիկացիայի փոխարեն որոշել են ՀՀ-ն ընդգրկել թուրանական աշխարհի տնտեսական հարաբերությունների մեջ ու օգտագործել. տնտեսագետ