.jpg)
Փորձում են այնքան ճնշել, որ լրատվամիջոցն ասի՝ «շառից հեռու՝ այլևս չանդրադառնամ տվյալ գործչին». Սոս Հակոբյանը՝ «Փաստինֆո»-ի դեմ Ավինյանի և ԱՆԻՖ-ի դատական հայցի մասին (Տեսանյութ)
Հայաստանում բազմաթիվ լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ և բնապահպաններ բախվում են SLAPP (Strategic Lawsuit Against Public Participation) հայցերի։ Դրանք ներկայացվում են՝ լռեցնելու մարդկանց, որոնք հրապարակայնորեն քննադատում կամ բացահայտում են խնդիրներ։
Այս գործերի շարքից է նաև «Փաստինֆո» լրատվականի դեմ հայցը։
Փաստաբան Սոս Հակոբյանը «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ի ծրագրի շրջանակներում պատմում է, որ 2022թ. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և առևտրային կազմակերպություն համարվող ԱՆԻՖ–ի կողմից ներկայացվել է դատական հայց՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, յուրաքանչյուրը պահանջելով առավելագույն 6 միլիոն դրամ փոխհատուցում։
Փաստաբանի խոսքով՝ «Փաստինֆո»-ն հրապարակել է վերլուծություն, որում քննարկվում է՝ արդյո՞ք Երևանի փոխքաղաքապետը կարող է լինել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ հաշվի առնելով հանրային ծառայողի անհամատեղելիության արգելքները։ Լրատվամիջոցը եզրակացրել է, որ Ավինյանը խախտել է օրենքը, քանի որ փոխքաղաքապետի պաշտոնն անհամատեղելի է ԱՆԻՖ-ում զբաղեցրած պաշտոնի հետ։
Հակոբյանը նշում է, որ նման հայցերի նպատակը պարզ է․ «Նրանք փորձում են լրատվամիջոցին այնքան ճնշել, որ ասի՝ «շառից-փորձանքից հեռու՝ այլևս չանդրադառնամ տվյալ քաղաքական գործչին»»։
Առաջին ատյանի դատարանը որոշել է, որ հայցվորների պնդումները ճիշտ են՝ Ավինյանի և ԱՆԻՖ-ի դեմ թիրախավորում կա։ Վերաքննիչ դատարանն էլ եզրակացրել է, որ լրատվամիջոցի վերլուծությունը հիմնավորված է, և բեկանել է նախորդ վճիռը։
Սոս Հակոբյանը նշում է, որ դեռևս երկրորդ նիստ է նախատեսվում, և հույս է հայտնում, որ գործը կեզրափակվի՝ լրատվամիջոցի օգտին հաղթանակով․
«Մեծ համոզմունք ունեմ, որ հաղթանակ ենք ունենալու»։