Ադրբեջանը կարող է միակողմանիորեն օգտագործել իր տարածքով հաղորդակցությունը որպես Հայաստանի վրա ճնշումների գործիք. Լևոն Զուրաբյան
23/10/2025 16:49

Ադրբեջանը կարող է միակողմանիորեն օգտագործել իր տարածքով հաղորդակցությունը որպես Հայաստանի վրա ճնշումների գործիք. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է. «Փաշինյանի պրոպագանդան հիմա էլ փորձում է «Զանգեզուրի միջանցք»-ի հանձնումը արդարացնել նրանով, որ դրա արդյունքով Ադրբեջանն իբր կախվածության մեջ է ընկնելու Հայաստանից։ Նիկոլական սուտը հենց այսպիսին պիտի լինի եւ նվաստացումն ու պարտությունը մատուցի որպես հաղթանակ ու մեծագույն առավելություն։

Այ տգետներ, Ալիեւի ամբողջ նպատակը հենց դա էր՝ ստանալ միջազգայնորեն լեգիտիմացված «անխոչընդոտ» հաղորդակցություն Հայաստանի տարածքով, որում «անխոչընդոտ» բառը նշանակում է, որ այլեւս այդ հաղորդակցության կառավարումն ընդհանրապես կախված չի լինելու Հայաստանի կառավարության որոշումներից։

TRIPP գործարքը հենց դա է նշանակում. Ադրբեջանի համար հաստատվում է միջազգայնորեն երաշխավորված հաղորդակցության մի ռեժիմ, որի վրա Հայաստանն այլեւս որեւէ ազդեցություն չի ունենալու, հետեւաբար, չի կարողանալու այն օգտագործել որպես քաղաքականության գործիք։

Իսկ այն ճանապարհները, որոնք Ադրբեջանն է բացում մեզ համար, գտնվելու են ամբողջությամբ Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներում, նրանց վրայով մեր հաղորդակցության ռեժիմն ու պայմանները կարգավորելու է Ադրբեջանը, հետեւաբար, հեշտությամբ օգտագործելու է որպես Հայաստանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշումների գործիք։

Այնպես որ առաջարկված խաղաղ կարգավորումը միակողմանի առավելություններ է տալիս Ադրբեջանին՝ իր պայմաններն եւ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ թելադրելու նպատակով։

P. S. Իհարկե, Հայաստանի համար տրանզիտն Ադրբեջանի տարածքով բացելու Ալիեւի որոշումը ողջունելի է որպես խաղաղության հաստատմանը նպաստող քայլ, բայց այն չի հանում սույն գրառման մեջ ներկայացված մտահոգությունները, քանի որ Ալիեւի ցանկացած քմահաճույքի դեպքում այն կարող է նորից փակվել կամ օգտագործվել որպես ճնշման միջոց։

Այդ հարցը կարող է լուծվել միայն մեր ներկայացված TRIPP+BRICS «Զանգեզուրի հանգույց» ծրագրի իրականացման դեպքում, ինչի շնորհիվ Հայաստանն իմունիտետ ձեռք կբերի Ադրբեջանի հնարավոր ճնշումների նկատմամբ»։

Ադրբեջանը կարող է միակողմանիորեն օգտագործել իր տարածքով հաղորդակցությունը որպես Հայաստանի վրա ճնշումների գործիք. Լևոն Զուրաբյան