.png)
Թրամփը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը և պատժամիջոցներ կիրառել ՌԴ 2 խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք գագաթնաժողովի չեղարկման մասին։ «Ես չէի զգում, որ կարող ենք հասնել այն ամենին, ինչ մեզ անհրաժեշտ էր։ Այդ պատճառով ես չեղարկեցի հանդիպումը։ Բայց մենք այն կունենանք ապագայում», - ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին, բայց մաքսիմալիստական պահանջներ է ներկայացնում։
«Մենք չենք ուզում, որ նա ամեն ինչ ունենա», - բացատրել է Սպիտակ տան ղեկավարը։
Գագաթնաժողովի չեղարկմանը զուգահեռ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա զգացել է, որ «ժամանակը եկել է»։