Պաշտպանական խորհրդակցություններ՝ Հայդարաբադում
23/10/2025 20:13

Պաշտպանական խորհրդակցություններ՝ Հայդարաբադում

ՊՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։

Խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։ Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Հանդիպման ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել 2025 թվականի համագործակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ և ընդգծել են հաջորդ տարվա ծրագրում մի շարք նոր ոլորտներ ընդգրկելու անհրաժեշտությունը։

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կողմերը միմյանց տեղեկացրել են երկու երկրների զինված ուժերում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։

Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական  փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում»։

Պաշտպանական խորհրդակցություններ՝ Հայդարաբադում