.jpg)
Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ի չարագործների թիկունքում Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են եղել. Մինասյան
Մի բան ակնհայտ է՝ այն թափորը, որը մենք այդ տարիներին հավաքել էինք, մեզ տանելու էր առաջանցիկ զարգացման և դա մեծ խանդ էր առաջացնում Թուրքիայի և Ադրբեջանի մոտ, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը՝ ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։
Նա հավելեց, որ այդ ոճրագործության հիմնական շահառուները կարող էին լինել հենց այդ երկրները։
«Այն խնդիրները, որոնք կային հետխորհրդային ցանկացած երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում, դրանց լուծման համար մենք ունեինք չափազանց լավ նախադրյալներ։ Եթե մենք կարողանայինք դրանք իրականացնել, մեր հակառակորդների մոտ խնդիրները, հատկապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի մոտ կխորանային։ Հետևաբար, կարծում եմ, որ այդ չարագործները եղել են պարզապես գործիքներ, որոնց թիկունքում կանգնած են եղել այդ երկու երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
Պետք է կրկնեմ մի վարկած, որը հենց այդ օրերին եմ ասել՝ կարծում եմ, որ այս չարագործներն իրենց տերերի հետ ուղղակի կոնտակտ չեն ունեցել։ Նրանք երևի նույնիսկ չեն էլ հասկացել, թե ովքեր են իրենց տերերը, ինչ նպատակներ ունեն, դրա համար, այսօր, ցավոք, իսկական շահառուներին մատնացույց անել չենք կարող»,-հավելեց նա։