Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ փոխադրումներ իրականացնող ավիաընկերություններին աջակցություն կտրամադրվի
28/10/2025 16:17

Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ փոխադրումներ իրականացնող ավիաընկերություններին աջակցություն կտրամադրվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2026 թվականին իրականացնելու է 19 ծրագիր ու 105 միջոցառում, որոնց համար նախատեսված է հատկացնել 395 մլրդ դրամ, որից 235 մլրդ դրամը կապիտալ բնույթի, իսկ 160-ը՝ ընթացիկ ծախսերն են:

Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 130,3 մլրդ դրամ, որի շրջանակում իրականացվելու է 3 ծրագիր, 29 միջոցառում, էներգետիկ ոլորտին` 87,1 մլրդ՝ 4 ծրագրի 11 միջոցառման համար, ջրային ոլորտին` 35,3 մլրդ՝ 5 ծրագրի 34 միջոցառման համար, տարածքային կառավարման ոլորտին` 142 մլրդ դրամ, որի շրջանակում իրականացվելու է 7 ծրագիր՝ 31 միջոցառումով:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ տրանսպորտի ոլորտին ուղղված միջոցների հիմնական մասը՝ 126,5 մլրդ դրամը, հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը, որից 113 մլրդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են:

2026 թվականին 60 մլրդ դրամի շրջանակում վարկային միջոցների հաշվին նախատեսված է ավարտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կմ-ն և շահագործման ընդունել Լանջիկ-Գյումրի 25,2 կմ ճանապարհահատվածը: Կշարունակվի Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությունը:

2026 թվականին ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված է շուրջ 66,5 մլրդ դրամ:

Եկող տարի ավիացիոն ոլորտին նախատեսված է հատկացնել 3,6 մլրդ դրամ:

«Այս տարի առաջին անգամ պետական բյուջեի շրջանակում նախատեսվում է պետական աջակցություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն ուղևորներին նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ»,- ասել է նախարարը:  Շուրջ 3 մլրդ դրամ նախատեսված է սուբսիդավորում իրականացնելու համար:

Երկաթուղու համար 2026 թվականին նախատեսված է 247 մլն դրամ:

Էներգետիկ ոլորտի հատկացումները կկազմեն 87,1 մլրդ դրամ:

Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ փոխադրումներ իրականացնող ավիաընկերություններին աջակցություն կտրամադրվի