.jpg)
Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 քննիչ. 130 օրից ավելի է՝ «չեն կարողանում» ավարտել նախաքննությունը, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի. Վարդևանյան
Սամվել Կարապետյանը 130 օրից ավելի է՝ ապօրինի կալանավորված է, բայց 53 քննիչ «չեն կարողանում» ավարտել նախաքննությունը, այնինչ պահանջում են, որ կալանքը պահպանվի, շեշտում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հայաստանում կալանքի համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին: Անձնական ազատության իրավունքը սահմանադրական երաշխիք է և պահանջում է իրավապահներից հարգել ազատության կանխավարկածը:
Հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արձանագրվում է այդ պահանջի ուղիղ անտեսումը և տևական խախտումը: Համատարած խնդիր է կիրառված կալանքի պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն:
Որքանո՞վ է առհասարակ ողջամիտ նման «իրավական» պնդում կատարելը, երբ օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 քննիչ: Այսինքն՝ 130 օրից ավելի է՝ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի:
Կալանքի անհիմն պահպանումը համարժեք է արդարադատության մերժմանը, համարժեք է արդարության մերժմանը, համարժեք է մարդասիրության մերժմանը:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- սոցցանցի իր էջում գրել է Արամ Վարդևանյանը։