.jpg)
Չպետք է թույլ տանք, որ մեր անցած ճանապարհը, հսկայական ջանքերը մի քանի խուլիգան զրոյացնեն. հասարակությունն ապստամբելու իրավունք ունի. Նինա Կարապետյանց (Տեսանյութ)
«Իմ հասակակիցները, ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները պետք է հասկանան՝ մեկ անգամ պատասխանատվություն պիտի ստանձնենք, սկսենք փոխությունները։ Մենք բարոյական իրավունք չունենք հաջորդ սերնդին թողնելու այս կազմաքանդված վիճակը, պիտի հիմքերը դնենք, հաջորդ սերունդը մեր գործը շարունակի»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նա շեշտել է՝ նրանք, ովքեր լռում են, թող գնան Եռաբլուր, տեսնեն՝ ինչ են արել երիտասարդները։
«Նրանք, ովքեր խուսափում են պատասխանատվությունից, թող դարձյալ գնան Եռաբլուր։ Եթե մենք՝ որպես ավագ սերունդ, չկարողանանք կապիտալիզացնել այն գինը, որ վճարեցին Եռաբլրում հանգչողները, ուրեմն մենք ապրելու իրավունք չունենք, ամենապախարակված սերունդը պետք է լինենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր անցած ճանապարհը, հսկայական ջանքերը մի քանի խուլիգան զրոյացնեն»,- ասել է Նինա Կարապետյանցը։
Դիմելով երիտասարդությանը՝ իրավապաշտպանն ասել է.
«Չհուսահատվեք, չլսեք նրանց, ովքեր ասում են, թե ձեր ձայնը որոշիչ չէ։ Մենք որոշող ենք։ Եթե մեր հասարակությունը, ժողովուրդը որոշում կայացնի, չի լինի աշխարհում որևէ պետություն, որը ստիպված չլինի ընդունել այդ խաղի կանոնները։ Ամենադժվարն այն է, որ մենք կարողանանք ի վերջո որոշում կայացնել՝ մենք ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ, ի՞նչ ճանապարհով ենք ուզում գնալ որպես հասարակություն։
Հասարակությանն էլ պարբերաբար հիշեցնել է պետք՝ եթե իշխանությունը զավթված է, եթե ընտրություններով իշխանություն փոխելու հնարավորություն չի տրվում ժողովրդին, եթե իշխանությունը ընդգծված հակապետական գործողություններ է անում, ապա հասարակությունն ունի ապստամբելու իրավունք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում