.png)
«Մինչև վերջերս, երբ տան դուռը թակում էին, փոքր աղջիկս վախից փախչում էր ուրիշ սենյակ». Տեր Սարգիսը՝ իրավապահների գործողությունների մասին
«Մինչև վերջերս, երբ դուռը թակում էին, փոքր աղջիկս վախից փախչում էր ուրիշ սենյակ»,-24news.am-ի հետ զրույցում պատմել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ անդրադառնալով իրենց տանը ԱԱԾ և քննչական մարմնի ներկայացուցիչների կողմից կատարված խուզարկությանը:
«Այդ օրը բոլորիս տներն են եկել: 7:30 ի մոտակայքում մտել են մեր տուն՝ ԱԱԾ-ի և քննչական խմբով: 4 անչափահաս երեխաներ տանը քնած էին, փոքրերի մոտ վախի զգացողություն կար:
Հոգևոր սպասավորներիս հանդեպ չէինք սպասում այդպիսի վերաբերմունք: Ուզում ենք ՝մեր երկրում, անկախ ծառայությունից, կոչումից՝ ամենքի ազատությունն ու սահմանադրական և մնացած իրավունքները հարգված լինեն: Եթե այդ կարգը հարգվեր, մեզ որպես վկա ներգրավելով՝ կարող էին ուղղակի ծանուցագրեր ուղարկել, և մեզնից ոչ մեկը չէր խուսափի։ Պատշաճ՝ ըստ կարգի, կներկայանայինք ու կպատասխանեինք իրենց հարցերին: Իսկ այն, ինչ արեցին իրենք, օրենքից դուրս էր»,- ասել է քահանան։
Տեր Սարգսի խոսքով՝ իրենք մոտ 8-9 ժամ մնացել են քննչական մարմնում, սեփական իրավունքների մասին չեն տեղեկացվել, շատերը նույնիսկ առանց փաստաբանի են ցուցմունք տվել:
Անդրադառնալով Հովհաննավանքում կարգալույծ արված քահանայի կողմից «պատարագ» անցկացնելու օրն իրեն ու թեմի մյուս հոգևորականներին ծանուցագրերով Երևան հարցաքննության հրավիրելուն՝ տեր Սարգիսը շարունակել է. «Կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ էր իրենց նպատակը: Այդ ծանուցմամբ քննչական հրավիրելով՝ փորձում էին մեզ զերծ պահել տարածքում լինելուց։ Մտածում էին՝ կարող ենք գնալ, խոչընդոտել»:
Տեր Սարգիսը պատմել է նաև, որ ՔԿ հարցաքննության գնալուց հրաժարված բոլոր հոգևորականներին հետևել են, ստուգել՝ արդյոք ճի՞շտ էր հարցաքննության չգնալու պատճառը և արդյոք իրականում նրանք բոլորն այդ օրը տարբեր վայրերում պատարագ մատուցե՞լ են, թե՞ ոչ.
«Հետևեցին, տեսան՝ իրապես գնո՞ւմ ենք մեր նշած վայրերը, թե՞ ոչ: Բայց պատարագները իրականացան, մենք կիրակի արժանի եղանք, որպես քահանա, Տիրոջ առաջ կանգնելու և ժողովրդի հետ միասնաբար աղոթք բարձրացնելու՝ այս մեծ փորձությունից աստվածային օգնությամբ դուրս գալու համար:
Իմ մշտական աղոթքն է, որ Աստված իմաստություն տա։ Ամուր ու պինդ լինենք, Աստված բոլոր հարցերը կլուծի»: