Ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների աճը ՆԳՆ նախարարը ներկայացնում է «նվազման» ցուցանիշի տակ
03/11/2025 13:58

Ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների աճը ՆԳՆ նախարարը ներկայացնում է «նվազման» ցուցանիշի տակ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Աժ-ում 2026թ․ բյուջեի քննարկմանն անդրադառնալով հանրապետությունում հանցագործությունների վիճակագրությանը՝ հայտարարել է, որ տարվա 9 ամիսների ընթացքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0,7 տոկոսով։

Նախարարը դրական միտում է տեսել այն փաստում, որ թեև գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է, բայց այդ աճը հիմնականում պայմանավորված է «լատենտային» հանցագործությունների՝ հատկապես թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտմամբ։

Միչդեռ վիճակագրությունը այլ պատկեր է ներկայացնում:

ԱՎԿ-ի տվյալներով՝ 2025թ․ 9 ամիսներին գրանցվել է 27 248 հանցագործություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 2,775 դեպքով:

Դրանցից 3,569-ը ծանր հանցագործություններ են, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 479 դեպքով:

Առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 1,474 դեպք՝ աճելով 63-ով։

Այլ կերպ ասած, թեև նախարարի նշած 0,7% նվազում եղել է, սակայն այն ձևավորվել է բացառապես ընդհանուր հանցագործությունների թվի աճի հաշվին, մինչդեռ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացարձակ թիվը փաստացի մեծացել է:

Հեղինակ`Նելլի Լազարյան