.jpg)
«Ժողովուրդ». Պետական պաշտոնյաները դարձել են հաքերների «հարձակման» թիրախ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր կառույցների ղեկավարներ, ռեկտորներ, հիվանդանոցի տնօրեններ և այլք, դարձել են ցանցահենների (հաքերների) «հարձակման» թիրախը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարբեր պաշտոնյաների անուններով «Ուոթսափ» հավելվածում կեղծ հաշիվներ են բացվել, որոնց միջոցով ուղարկվում են գրություններ տարբեր անձանց: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ կեղծ էջերով նամակներ են ստանում տարբեր կառույցների աշխատակիցները. հիմնականում հարցերը գրվում են ռուսերեն, և երբ մարդիկ արձագանքում են, պարզվում է, որ դրանք տարբեր պաշտոնյաների լուսանկարներով կեղծ էջերից են:
Նշենք, որ այդ էջերով օգտագործվող հեռախոսահամարները հայկական են, ինչը մարդկանց մեջ վստահություն է ստեղծում, որ նրանք պատասխանեն և տվյալներ փոխանցեն:
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները տեղյակ են խնդրից ու պարզել են, որ այդ հեռախոսահամարների տերերը ևս անակնկալ տեղեկանում են, որ իրենց համարներից տարբեր անձինք հաղորդագրություններ են ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահներն այժմ փորձում են պարզել, թե որտեղից է այդ ցանցահենային գրոհն իրականացվում. բոլոր կառույցներում պաշտոնյաներին զգուշացվել է զգոն լինել»։