.jpg)
Փաստաբանը հաստատեց՝ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ձերբակալված է
Փաստաբան Վաչե Սիմոնյանն Aysor.am-ին հաստատեց՝ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ձերբակալված է։
Փաստաբանն Aysor.am-ին այլ մանրամասներ խոստացավ հայտնել ավելի ուշ։
Հիշեցնենք՝ նախկինում էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել, նա տևական ժամանակ կալանքի տակ էր, սակայն հետո ազատ արձակվեց։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին։ Քննիչները պնդում են, թե նախարարը, նախկին փոխնախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։
«Հարմոնիա»-ն, սակայն, հետագայում վիճարկել է այս որոշումը և հաղթել։ Գործը հարուցվել էր այս ամենից հետո։
Իրավապահները Վահան Քերոբյանին մեղադրում էին պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։
Քերոբյանը պնդում է՝ իրեն առնչվող քրեական գործը մտացածին է։