Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը հացի, հացահատիկի գնի վրա չի ազդի. Հարությունյան
07/11/2025 14:31

Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը հացի, հացահատիկի գնի վրա չի ազդի. Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ որքան շատ լինեն Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող կոմունիկացիաները, լոգիստիկ հնարավորությունները՝ այնքան լավ։

«Ինչ վերաբերում է գնացքով ցորենի ներկրմանը՝ անկասկած, օգտակար է։ Քանի որ մեքենաներով ցորենի ներկրումը, թեպետ հնարավոր է և մենք մինչև հիմա այդ հնարավորությունից ենք օգտվել, բայց դա ամենահարմար  տարբերակը չէ բոլոր առումներով՝ թե՛ ապրանքային ծավալի տեսանկյունից, և թե՛ գնի, ինքնարժեքի։ Անկասկած, գնացքով տեղափոխելն ավելի նպատակահարմար է»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

 Ըստ նրա՝ բոլորովին կապ չունի՝ ղազախական ցորեն ենք ներկրում, թե՞ ռուսական.«Ռուսաստանը միշտ եղել է ցորենի, հացահատիկի մատակարարման տեսանյունից շատ վստահելի գործընկեր, այնպես որ՝ շատ բնական է, որ այս հնարավորությունից առաջինը նրանք կօգտվեին։ Տվյալ դեպքում ապրանքային ծավալն էլ այդքան էական չէ։ Մեր տնտեսության համար կատաստրոֆիկ կարևորություն չի ունենա, սակայն փաստն է ինքնին կարևոր։ Ես դրան դրական եմ նայում»։

Հարությունյանը, սակայն, դրականին զուգահեռ նաև բացասական կողմեր էլ է տեսնում.«Բացասականն այն է, որ դա ընդամենը մեկ անձի՝ Ադրբեջանի նախագահի քաղաքական կամքով պայմանավորված գործ է։ Այսօր նա թույլ է տվել, որպեսզի Հայաստան հասցեագրված ապրանքները տեղափոխվեն Ադրբեջանի տարածքով, վաղը կարող է արգելել։ Սա ինստիտուցիոնալ կարգավորում չէ։ Ավելին՝  եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը՝ ի դեմս իր նախագահի, տարածաշրջանի ամենաոչպայմանագրաունակ պետությունն  է, այդ առումով այս ամենը հուսալի չէ։ Ալիևը հուսալի պարտնյոր չի, այսօր կարող է մի բան ստորագրել, վաղը հրաժարվել դրանից։ Նա նաև կանխատեսելի չէ, պատահական գործոնների ազդեցության տակ կարող է իր որոշումները փոխել՝ առաջնորդվելով սեփական ռազմավարական նպատակներով»։

 Հետևաբար, նրա դիտարկմամբ՝ դրական կողմն այն է, որ այսպիսի հնարավորություն է առաջանում, իսկ բացասականը՝ որ այն պայմանավորված չէ ինստիտուցիոնալ լուծումներով։

 Հարությունյանը շեշտեց՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանն այս որոշման հետ որևէ առնչություն չի ունեցել, կամ եթե ունեցել էլ է, ապա դրա վրա ազդելու հնարավորություն չունի.«Պատկերացրեք՝ Ադրեբջանը վաղը որոշի կասեցնել, արգելել իր տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումը։ Հայաստանը որևէ կերպ այդ որոշման վրա ազդելու հնարավորություն ունի՞, իհարկե՝ ոչ։ Սա է վատը։ Այսինքն՝ մենք մեր տնտեսության զարգացումն այս կոնտեքստում բացառապես պայմանավորում ենք Ադրբեջանի ղեկավարության բարի կամքով»։

 Նախկին վարչապետը հիշեցրեց, որ սա ներկա իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ապաշրջափակում, որի հետ ինքը համաձայն չէ.«Սա ապաշրջափակման հետ որևէ կապ չունի։ Ավելին՝  դա կապ չունի նաև խաղաղության հետ։ Խաղաղությունն այն դեպքում կլիներ, եթե Ադրբեջանի ղեկավարն իր այս կարգի որոշումներում կաշկանդված լիներ նաև Հայաստանի հնարավոր ադեկվատ փոխազդեցության գործոնով։ Այդպիսի ազդեցություն Հասյաստանն Ադրբեջանի վրա այս պահի դրությամբ չունի։ Մենք այս հարցով միշտ կախված ենք լինելու Ադրբեջանի ղեկավարի քաղաքական կամեցողությունից։

Եթե օրինակ՝ ՀՀ իշխանություններն իսկապես մտածեին, որ Ադրբեջանի հետ հարկավոր է ապաշրջափակման կոնտեքստում ձևավորել այնպիսի հարաբերություններ, որոնցում Ադրբեջանը պակաս շահագրգռված չէր լինի Հայաստանով ինչ-որ ապրանք տեղափոխելու, այ այդ  ժամանակ մենք հնարավորություն կունենայինք ասելու, որ ձևավորվում են երկուստեք փոխշահավետ  առևտրատնտեսային հարաբերություններ թշնամի պետությունների միջև։ Որոշ ժամանակվա ընթացքում կարող էր առաջանալ նաև վստահություն՝ միմյանց նկատմամբ։ Վստահությունը շատ էական նշանակություն ունի  հրադադարն անշրջելի դարձնելու և խաղաղության հասնելու համար։ Իսկ այսօր դա չկա։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որևէ վստահություն չունեմ, որ վաղը չէ մյուս օրն Ադրբեջանի նախագահն իր որոշումը չի փոխի»։

 Հետևաբար, սա ներկայացնել պատմական հնարավորություն, ըստ Հարությունյանի, ցանկալին իրողություն ներկայացնելու անհաջող փորձ է իշխանությունների կողմից։

«Եթե այդքան մտածում էին խաղաղության մասին, ավելի նպատակահարմար կլիներ 17 մլն դոլար փող ծախսեին, Իջևան-Դիլիջան հատվածի սողանքը վերացնեին և այդ ժամանակ մենք կունենայինք Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Երևան երթուղի։ Այ սա կլիներ ապաշրջափակում, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց հետ բեռնափոխադրումների առումով կապվելու պակաս անհրաժեշտություն չունեն։ Եվ այդ ժամանակ իմ նկարագրած երթուղու պարագայում մենք դառնալու էինք փոխադարձ շահագրգռված՝ միմյանց կարողություններն օգտագործելու տեսանկյունից։ Ավելին՝ այս երթուղին մեզ հնարավորություն է տալիս հայտնվելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգապրոյեկտի մեջ։ Սա հնարավորություն կտար մեզ՝ հասնելու նրան, որ իր տնտեսական շահերից ելնելով, Չինաստանը կդառնար մեր անվտանգությամբ շահագրգռված մեծ գերտերություն։ Իսկ հիմա լավ է, բայց, կներեք, դրանից ինձ մոտ որևէ ոգևորություն չի առաջանում»,-բացատրեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում հացահատիկի գնի նվազմանը, Հարությունյանը նշեց՝ հավանական չի համարում, որ գնային մեծ  տատանումներ կլինեն.«Պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնարժեքի իջեցումը շատ հաճախ գնի վրա չի ազդում, ավելի շատ արտադրողները փորձում են իրենց շահույթի ծավալները մեծացնել և օգտվել դրանից։ Չեմ կարծում, որ շուկայում էկան  տարբերություններ կլինեն։ Ես դա չեմ սպասում։ Խորհուրդ կտայի  հասարկությանը, որ իրենք էլ այդպիսի սպասելիքներ չձևավորեն, որպեսզի հետագայում չհիասթափվեն»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան