.png)
ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում նկատելի է խտրական մոտեցում. իշխանությունը մեղմ է յուրայինների, խիստ՝ ընդդիմադիրների նկատմամբ. Վարուժան Հոկտանյան
Հայաստանում, դժբախտաբար, նկատելի է միտում, երբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իշխանություններն ավելի մեղմ են վերաբերվում «յուրայիններին», իսկ ընդդիմադիրների նկատմամբ գործում են օրենքի ողջ խստությամբ։ Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։
«Դժվար է միանշանակ ասել՝ կոռուպցիայի դեմ պայքարը իմիտացիա՞ է, թե՞ իրական, որովհետև եթե ապացուցվում է առաջադրված մեղքը, արդեն հասկանալի կլինի, որ իմիտացիա չէ։ Բայց ցավոք, կան որոշակի մտահոգիչ միտումներ։ Օրինակ՝ նույն ԱՆԻՖ-ի գործը կամ իշխող կուսակցության ներկայացուցիչների այլ գործեր ձգձգվում են, մինչդեռ ընդդիմադիր համայնքապետերի և կամ ոչ յուրային պաշտոնյանների նկատմամբ նույնատիպ դեպքերում անմիջապես կալանք է կիրառվում և հանրային աղմուկ բարձրացվում»,-ասաց նա։
Հոկտանյանի համար ընդունելի կլիներ հետևյալը․ եթե գործ են հարուցում մեկի դեմ, ով իրենց թիմից չէ, նույն խստությամբ մոտենան նաև յուրայիններին։
«Երբ կոռուպցիայի դեմ պայքարում խտրական մոտեցում կա, այդ պայքարը պարզապես վերանում է։ Եթե համայնքապետը հանցավոր արարք է գործել, պետք չէ նայել՝ ընդդիմադիր է, թե իշխող թիմից։ Բայց այսօր, ցավոք, տեսնում ենք այն, ինչ ժամանակին ասում էր իտալական ֆաշիստ դիկտատոր Բենիտո Մուսոլինին՝ «յուրայինների նկատմամբ օրենքի մեղմությամբ՝ սողանցքները օգտագործելով, հակառակորդների նկատմամբ՝ օրենքի ողջ խստությամբ»։ Սա արդեն ուղի է դեպի ավտորիտարիզմ»,-ասաց Հոկտանյանը։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ․ «Այսօր դուք եք իշխանություն ու գործ եք հարուցում միայն ձեր հակառակորդների դեմ, վաղը կարող է այլ իշխանություն գալ ու նույնը անել ձեզ հետ։ Այսպես այդ արատավոր շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև երկրից ոչինչ չմնա։ Սա է ամենավտանգավորը»։
Հայաստանում դեռևս գոյություն ո՞ւնի համակարգային կոռուպցիա, թե՞ ոչ․ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ պետք են լուրջ ուսումնասիրություններ։
«Ներկայում կոռուպցիայի մակարդակի ամենահուսալի ցուցանիշն ընկալումների համաթվերն են։ Հայաստանում այնպիսի մակարդակ է, որ չենք կարող ասել՝ այն ցածր է, ոչ էլ կարող ենք ասել, որ շատ բարձր է։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հետազոտական բաժնի տվյալներով, որի պաշոտնական ներկայացուցիչն է մեր կազմակերպությունը Հայաստանում, 2024 թվականին Հայաստանը 0–100 սանդղակով ունի 47 միավոր։ Նման պատկեր է տալիս նաև Համաշխարհային բանկը։ Այսինքն՝ մենք գտնվում ենք այն երկրների շարքում, որտեղ կոռուպցիան չի համարվում աղետալի, բայց այն դեռևս շարունակում է մնալ լուրջ խնդիր»,- նշեց նա։