Չի կարող էժան ցորեն մտել Հայաստան, Ղազախստան-Երևան տրանսպորտային ծախսերն ավելի թանկ են. Պարսյան (Տեսանյութ)
12/11/2025 12:43

Չի կարող էժան ցորեն մտել Հայաստան, Ղազախստան-Երևան տրանսպորտային ծախսերն ավելի թանկ են. Պարսյան (Տեսանյութ)

Չի կարող Ադրբեջանից երկաթուղային ճանապարհով էժան ցորեն մտել Հայաստան, քանի որ ծախսերն ավելի թանկ են,  Aysor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա ներկայացմամբ՝ տրանսպորտային փոխադրումն Ադրբեջանի տարածքով միայն երկաթուղային ճանապարհի պատճառով 30 տոկոսով թանկ է:

«Այսինքն՝ ադրբեջանական երկաթուղային ընկերությունը կա՛մ պետք է 50 տոկոս տրանսպորտային փոխադրման  զեղչ կատարի, կա՛մ ղազախական կողմը ցորենը շուրջ 50 տոկոսով զեղչ անի, որ գինը մրցունակ լինի: Ղազախստան- Երևան տրանսպորտային ծախսերն ավելի թանկ են, քան՝ Երևան- Ռուսաստանը:  Ծախսերը կէժանանան, եթե Ադրբեջան-Հայաստան տրանսպորտային կապը բացվի՝ Ղազախով- Տավուշով այդ կապն իրականացվի, ճանապարհի երկարությունը կկարճանա, բայց այս սխեմայով չի կաող էժան ցորեն մտնել Հայաստան»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Հայաստանը երկար ժամանակ բանակցել է Ղազախստանից ցորենի ձեռքբերման հնարավորության համար, բայց բավականին թանկ էր ստացվում՝ 280 դոլար, որովհետև տրանսպորտային մեծ ծախսեր կային, իսկ նոր հաղորդուղու պարագայում բավականին էժանանում է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան է ներկրվել 1000 տոննա 4-րդ կարգի ղազախական ցորեն:  Նշենք, որ այն պետական գնում չէ,  ղազախական ցորենը ներկրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ-ն:

Չի կարող էժան ցորեն մտել Հայաստան, Ղազախստան-Երևան տրանսպորտային ծախսերն ավելի թանկ են. Պարսյան (Տեսանյութ)