.jpg)
Զավեշտ է՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ բողոքում է մեկը, ով մարդկանց վրա է թքում. Արման Սաղաթելյան (Տեսանյութ)
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման միջնորդություններն են քննվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք և Աջափնյակ նստավայրերում։
Նրանց դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։
Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի եղբայրը՝ Արման Սաղաթելյանը, լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ զավեշտ է, որ մարդկանց վրա թքող, պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորողն է Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ բողոքել.
«Զավեշտը կայանում է նրանում, որ նախահարձակ կողմը տղաները չեն եղել։ Այդ անձի (Ալեն Սիմոնյանի-խմբ.) կողմից հնչել են իր դիրքին ու պետական պաշտոնին ոչ հարիր գնահատականներ ու անձնական բնույթի վիրավորանքներ՝ հրապարակավ։ Տղաները պատասխանել են իրենց հասցեին անտեղի հնչածին, ինչին հետևել է այդ անձի կողմից վազելով գնալն ու բողոքելը։ Զավեշտը դրանում է կայանում։
Եվ դա անում է մեկը, ով մարդկանց վրա է թքում, դա անում է մի ուժի ներկայացուցիչ, որի պարագլուխն անընդհատ օգտագործում է անպարկեշտ բառակույտ ու արդեն տևական ժամանակ՝ վիրավորանքներ «շռայլում»։
Արման Սաղաթելյանը նշեց նաև՝ սա նաև ճնշում է՝ ինչպես «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների, այնպես էլ Antifake.am-ի խմբագրության նկատմամբ, որի ամբողջ տեխնիկան այսօր առգրավել են, ինչը, սակայն, ոչ մի ողջախոհ բացատրություն չունի. հիմնականմ նպատակը լրատվամիջոցի աշխատանքը ամբողջությամբ խափանելն է։