Աղքատությունը գուցե նվազել է, բայց ոչ թե բարելավման, այլ աղքատ տարեցների մահացության ու երիտասարդների չամուսնանալու հետևանքով. Վահան Թումասյան
13/11/2025 13:20

Աղքատությունը գուցե նվազել է, բայց ոչ թե բարելավման, այլ աղքատ տարեցների մահացության ու երիտասարդների չամուսնանալու հետևանքով. Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի խոսքով՝ տարակուսելի է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, հղում անելով պաշտոնական վիճակագրությանը, հայտարարում են, թե Հայաստանում աղքատությունը նվազել է։

«Իմ տեսածով՝ այդպես չէ։ Գուցե դա նրանից է, որ ես հիմնականում շփվում եմ աղքատ խավի հետ, բայց աղքատության նվազման միտում չեմ նկատում։ Իմ գնահատմամբ՝ հարուստներն ավելի հարուստ են դարձել, իսկ աղքատները՝ ավելի աղքատ։ Աղքատների շերտն էլ ավելացել է՝ միջին խավի հաշվին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Թումասյանը։

Նրա խոսքով՝ հատկապես ձմռան նախաշեմին շրջելով Շիրակի մարզի տնակային ավաններով՝ նա համոզվել է, որ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց կյանքում էական փոփոխություն չկա։ «Ավելին՝ գնալով ավելի դժվար է դառնում ձմռան վառելիքի հարցը լուծելը»,- նշեց նա։

Թումասյանը մի դիտարկում էլ արեց՝ գուցե վիճակագրորեն աղքատությունը նվազել է ոչ թե սոցիալական առաջընթացի, այլ ժողովրդագրական փոփոխությունների հետևանքով։

«Հնարավոր է՝ աղքատ ընտանիքներում մարդկանց թիվը պակասել է՝ տարեցները մահացել են, իսկ ամուսնության տարիքի շատ երիտասարդներ չեն ամուսնանում։ Նորաստեղծ ընտանիքներն էլ այլևս շատ երեխաներ չեն ունենում։ Թող գան և ուսումնասիրեն՝ գյուղերում կամ քաղաքների տնակային ավաններում ինչ է փոխվել։ Այսօր քանի բազմազավակ ընտանիք կա և քանիսն էին, օրինակ, յոթ տարի առաջ։ Այդ համեմատությունները թող ներկայացնեն։ Նախկինում շատ էին ընտանիքները, որոնք երեք, չորս, հինգ երեխա ունեին, իսկ հիմա այդպիսի ընտանիքներ գրեթե չկան։ Եթե մարդիկ չեն ամուսնանում, երեխաներ չեն ունենում, տարեցներն էլ մահանում են, բնական է, որ աղքատների թիվը վիճակագրորեն կրճատվում է։ Եթե դա են համարում ձեռքբերում, չգիտեմ՝ ինչ ասեմ, թող համարեն ձեռքբերում»,– ասաց նա։

Թումասյանի կարծիքով՝ խնդիրը միայն Շիրակի մարզին չի վերաբերում․

«Գյուղերում այսօր շատ երիտասարդ տղաներ չեն ամուսնանում՝ աղքատության պատճառով։ Փոքր գյուղերում կարող ես տեսնել 20-30 չամուսնացած տղա, որոնք պարզապես գիտեն, որ ընտանիք պահել չեն կարող։ Արդյունքում քայքայվում են ընտանիքները, հասարակական ու ազգային հիմքերը։ Սա աղքատության կրճատո՞ւմ է։ Կարող են բոլորին արտագաղթեցնել Ռուսաստան կամ Եվրոպա ու ասել՝ աղքատներ չկան։ Դե եթե մարդ չկա, խնդիր էլ չկա»,– նշեց նա։

ՀԿ նախագահի խոսքով՝ այսօր մարդիկ պարզապես սովորել են աղքատությանը և չեն բողոքում, որովհետև հույս չունեն, որ ինչ-որ բան կփոխվի իրենց դիմումներից կամ բողոքներից հետո։

«Եթե նախկին իշխանությունների տարիներին սոցիալական հարցերի դեպքում մարդիկ դուրս էին գալիս բողոքի, անգամ ճանապարհ էին փակում, հիմա չեն անում։ Ամեն մարդ իր մեջ փակվել է, իր հոգսերի մեջ է «տապակվում»։ Այսինքն՝ ոչ թե աղքատությունն է կրճատվել, այլ հասարակությունն է համակերպվել աղքատությանը»,– եզրափակեց Վահան Թումասյանը։

Հեղինակ`Նելլի Լազարյան
Աղքատությունը գուցե նվազել է, բայց ոչ թե բարելավման, այլ աղքատ տարեցների մահացության ու երիտասարդների չամուսնանալու հետևանքով. Վահան Թումասյան