.jpg)
Ալեն Սիմոնյանի արարքը համարում եմ, մեղմ ասած, անբարոյական. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
«Ալեն Սիմոնյանի արարքը համարում եմ, մեղմ ասած, անբարոյական: Իսկ անբարո մարդուց ամեն ինչ սպասելի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներից Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նրանց դեմ ներկայացված հաղորդմանը, որի հիման վրա էլ քրեական վարույթ է նախաձեռնվել, Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել:
Փաստաբանն ասաց՝ ձերբակալությունից հետո տեսել է Վազգենին և Նարեկին. Իր պաշտպանյալին վարույթ իրականացնող մարմինը միջնորդել է տանել 2-ամսյա կալանքի.
«Մեր մոտեցումն այն է, որ այս հանցակազմի հետ որևէ կապ չուներ խուզարկությունը: Մարդկանց դատում են, որ արձագանքել են քաղաքավարի մարդուն ոչ հարիր արտահայտություններին: Ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը»:
Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի»փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն են մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք է առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներն ավելի վաղ արձագանքել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «շան լակոտներ» վիրավորական արտահայտությանը, ինչի համար էլ նրանց ուզում են տանել կալանքի։