Նարեկն ու Վազգենը ամեն օր մերկացնում են այս իշխանության օրինազանցությունները, դավաճանությունը, նրանց լռեցնելու պատճառներ Փաշինյանն ու ՔՊ-ն շատ ունեն. Քաղաքագետ
13/11/2025 22:22

Նարեկն ու Վազգենը ամեն օր մերկացնում են այս իշխանության օրինազանցությունները, դավաճանությունը, նրանց լռեցնելու պատճառներ Փաշինյանն ու ՔՊ-ն շատ ունեն. Քաղաքագետ

«Ես գրեթե համոզված էի՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին ձերբակակելու են մինչև  նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը, բայց, ինչպես ամեն ինչն են մշտապես տապալում, այդ գործընթացն էլ չհասցրին ժամանակին անել: Իրենց «սխալը» շտկելու և իրենց շեֆի աչքին լավ երևալու համար առավոտյան նկարեցին այդ շոուն՝ տղաների ձեռքերը ոլորելով:  Հիմա շոուն շարունակվում է այս շենքում, որը դատարան է կոչվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով դատարանի բակում է՝ աջակցություն հայտնելու «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

Ըստ Մելիք-Շահնազարյանի ` «Իմնեմնիմի» փոդքասթի  հաղորդավարներին կալանքի տանելու առիթը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր, պատճառը՝ ընդդիմության  դեմ պայքարը.

«Տղաները հետևողականորեն ամեն օր բացահայտում էին, մերկացնում այս իշխանության բոլոր թերացումները,  դավաճանությունը, նրանց  օրինազանցությունները, նրանց քարոզչական թեզերը: Նրանց կալանավորելու,  լռեցնելու պատճառներ իշխանությունները շատ ունեին: Իշխանության համար կար տեղեկատվական սպառնալիք: Antifake.am-ի թիմով կարողանում էին բարոյազրկել ՔՊ-ի մի ստվար զանգվածի: Նիկոլին այլ ճար չէր մնացել, քան, իր թիմակիցներին փրկելու համար, գնալ այս ճանապարհով»:

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի»փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները  Նարեկ Սամսոնյանի և  Վազգեն Սաղաթելյանի տներն են մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք է առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։

Նարեկն ու Վազգենը ամեն օր մերկացնում են այս իշխանության օրինազանցությունները, դավաճանությունը, նրանց լռեցնելու պատճառներ Փաշինյանն ու ՔՊ-ն շատ ունեն. Քաղաքագետ