Հայաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը. այս թեմայի հետ կապ ունի նաև Ադրբեջանը. Նիկոլ Փաշինյան
14/11/2025 11:19

Հայաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը. այս թեմայի հետ կապ ունի նաև Ադրբեջանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մինչև օգոստոսի 8-ը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա հյուսիսից հարավ, «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց, մյուս կողմից, առաջացել է ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն։ Երկաթուղում կառուցմանն ուղղված առաջին գործողությունը պետք է այն լինի, որ սահմանը սահմանազատվի այն լայնությամբ, որն անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, սա ենթակառուցվածքների աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար է ու եթե ենթակառուցվածքի համար, ասենք, անհրաժեշտ է 5 կիլոմետրանոց հողաշերտ, պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո նոր շինարարարություն, որ հետո տարընթերցում չլինի, որ շինարարն ինքն էլ համոզված լինի՝ հիմա ինքը ո՞ր երկրի տարածքում է գործում»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա ասաց, թե հողը, որը կառուցապատման իրավունքով տալիս են, եղել է կա ու միշտ մնալու է Հայաստանի սեփականությունը։

«Պետական մարմնի որևէ գործունեության համար այնտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, թե կառուցապատման իրավունքը նախատեսում է ժամկետ, հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է։

«Հիմա քննարկվում է 99 տարվա սցենարն ու 49 տարվա սցենարը։ Այնտեղ ներդրումներ են արվելու, ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումը հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ կարող է առաջանալ անհրաժեշտություն, որ հրավիրեն նաև պրոֆեսիոնալ ներդրողների։

«Մենք, իհարկե, ամեն դեպքով պետք է քննարկենք, թե որտեղ ինչ մոդել ենք ընտրում, պետք է ամեն դեպքով որոշում կայացվի։ Ի դեպ, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ ընդգծված է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը, մենք պետք է քննարկենք, թե 3-րդ ինչ ընկերություններ կարող են մասնակցել, իսկ 3-րդ ներդրողի ներգրավման համար պետք է Հայաստանի ու ԱՄՆ-ի համաձայնությունը, սա ասում եմ նաև նրա համար, որ մեր իրականության մեջ քննարկվում են սցենարներ, որոնք ներկայացնողների կարծիքով ռիսկեր են պարունակում Հայաստանի համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ այս թեմայի հետ կապ ունի նաև Ադրբեջանը, որովհետև Հայստանը կարող է երկաթուղի կառուցել, բայց եթե դա չմիանա Ադրբեջանի երկաթուղուն՝ չի աշխատելու։

Հայաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը. այս թեմայի հետ կապ ունի նաև Ադրբեջանը. Նիկոլ Փաշինյան