«Հրապարակ». Դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ իշխանություններից
14/11/2025 08:36

«Հրապարակ». Դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ իշխանություններից

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպաններ օրեր առաջ հանդիպումներ ունեցան իշխանության ներկայացուցիչների հետ` ԱԺ նախագահ, փոխնախագահ, ԱԽ քարտուղար,  Նիկոլ Փաշինյան։ 

Պաշտոնապես կցկտուր տեղեկություններ հաղորդեցին այդ հանդիպումներից, գրեթե բոլոր հաղորդագրություններում նույն տեքստն էր՝ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, նույնիսկ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ 

Իշխանական կուլիսներում խոսում են, որ դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից՝ դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների և ընտրակեղծիքների վրա աչք կփակեն և կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը։ Պահանջը հետևյալն է. Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտը պաշտոնապես ձևակերպի: Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի: 

Հիշեցնենք, որ չնայած ամիսներ առաջ ԱԺ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հայտարարության նախագիծ, սակայն դրանից հետո սայլը տեղից չի շարժվել, գործնականում ոչ մի քայլ չի արվել։ Ի դեպ, հենց այս կոնտեքստում էլ խոստացել են, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն։ Բացի այդ, ԵՄ-ն պահանջում է նաև իր ներգրավվածությունը Թրամփի ուղուն, որի դիմաց քաղաքական, ֆինանսական ու փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը»։

«Հրապարակ». Դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ իշխանություններից