.png)
Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի անդամներից 5-ը մեղադրվում են ընտրակաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ. Հակակոռուպցիոն կոմիտե
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» դաշինքի անդամներից մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ. այս մասին Aysor.am-ին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ի պատասխան դաշինքի անդամների տներում խուզարկությունների պատճառներին։
Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթները նախաձեռնվել են ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ։
«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ են տեղի ունենում:
Երեկ խուզարկվել են դաշինքի ավագանու անդամներ Սևակ Խաչատրյանի, Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի տները։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական գործողություններ։