.png)
Եթե խայտառակ ճնշումներով անցած Վաղարշապատի ընտրությունները համարում են Փաշինյանի «վստահության հանրաքվե», ապա այդ հանրաքվեն տապալել են. Մելիքյան
«Ես չեմ տեսնում հիմքեր՝ այս ընտրությունները դիտարկելու որպես Փաշինյանի վստահության հանրաքվե: Եթե սա դիտարկենք որպես Փաշինյանի վստահության հանրաքվե, վստահաբար, այդ հանրաքվեն նա տապալել է: Սա դիտում եմ տեղական ինքակառավարման տրամաբանության մեջ, և կարևորը, որ ընդդիմությունը կարողանա այս գործընթացից հետևություններ անել»,- Aysor.am-ին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ Վաղարշապատի ընտրություններում խայտառակ ճնշումներ են եղել ընտրողների վրա, բայց պետք է արձանագրել, որ անգամ այդ ճնշումների պայմաններում ՔՊ-ի ներկայացուցիչը նույնիսկ 50 տոկոս ձայն չհավաքեց.
«Նախորդ ընտրություններում քաղաքապետ ընտրված Դիանա Գասպարյանը հավաքել էր 50 տոկոսից ավելի ձայներ: Ակնհայտ է՝ Վաղարշապատ համայնքում ՔՊ-ի ձայների տեսակարար կշիռը նույնիսկ ճնշումների պայմաններում նվազել է»:
Ռուբեն Մելիքյանը ՔՊ-ի թեկնածուի հավաքած ձայների հիմքում իշխանության չարաշահումն է տեսնում նաև.
« Իշխանության չարաշահման դրսևորում եմ համարում Վաղարշապատ համայնքի խոշորացումը՝ Խոյ համայնքի հաշվին: Երկու տարբեր համայնքներ կային, Խոյի ղեկավարին բերում են, նշանակում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար և երկու համայնքները միացնում են։ Բնականաբար, դա առավելություն է ստեղծում այդ թեկնածուի համար»:
Մելիքյանն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարությանը, թե Վաղարշապատ համայնքի բնակիչները, ընտրելով ՔՊ-ի թեկնածուին, «նոր լիցք տվեցին» Մայր Աթոռի դեմ իրենց ծրագրած գործողություններին.
«Եթե այս ընտրությունները կապված լինեին Մայր Աթոռը ասպատակելու Նիկոլ Փաշինյանի գաղափարի հետ, ապա իրենց թեկնածուն այդ գաղափարին իր ուղիղ աջակցությունը կհայտներ, իսկ նման բան չի եղել: Դա նշանակում է, որ գործ ունենք մանիպուլյացիայի հետ»: