Խաղաղրույք են արել՝ Փաշինյանը վերընտրվի, որ մյուս պահանջները մենյուով դրվեն Հայաստանի առջև. Քաղաքագետ
19/11/2025 20:01

Խաղաղրույք են արել՝ Փաշինյանը վերընտրվի, որ մյուս պահանջները մենյուով դրվեն Հայաստանի առջև. Քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները հավանական չի համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը:

«Մենք շատ մոտ չենք պայմանագրի ստորագրմանը, որովհետև Սահմանադրության  փոփոխության հարցը Ադրբեջանի կողմից պաշտոնապես առաջադրված է, մյուս հարցերն էլ՝ միջանցքի, փախստականների վերադարձի հարցը,  պահում են օրակարգում: Անընդհատ շանտաժ են  կիրառելու Հայաստանի  դեմ՝ կստորագրենք, եթե... Առնվազն մինչև խորհրդարանական ընտրություններ այդ պայմանագիրը չենք տեսնելու: Խաղաղրույք են արել՝  Փաշինյանը վերընտրվի, որ մյուս պահանջները մենյուով դրվեն Հայաստանի առջև»,- Aysor.am-ին ասաց Սուրենյանցը:

Ըստ նրա՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի երեկվա հայտարարությունը փաստեց, որ Անկարայի քաղաքականության մեջ էլ ոչինչ չի փոխվել.

«Այն հայտարությունները, որ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից լսում ենք՝ «Շուտով հայ-թուրքական հարաբերություններում կտեսնենք շատ լուրջ առաջընթաց», քարոզչական նշանակություն ունեն, ոչ ավելի: Անկարայից ասում են՝ նախ կատարեք Բաքվի բոլոր նախապայմանները, նրա հետ ստորագրեք խաղաղության պայմանագիր, հետո  պատրաստ ենք ձեզ հետ  հարաբերություն կարգավորել»:

Քաղաքագետը նշեց նաև՝ Սահմանադրության փոփոխության և միջանցքի հարցը բարձրացնելով՝  Թուրքիան շարունակում է արտաքին ճնշումները.

«Եթե Սահմանադրության փոփոխության հարցը ներքին օրակարգի հարց լիներ, Փաշինյանը կարող էր հայտարարել, որ նախաբանից Անկախության հռչակագիրը չի հանվելու, կամ փոփոխությունները կարվեն միայն հայ-ադրբեջանական հարաբերություննների կարգավորումից հետո, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Եթե այս երկու տարբերակից որևէ մեկը չի անում, ինչ հիմնավորում էլ բերի, ակնհայտորեն սա արտաքին պահանջ է»:

Խաղաղրույք են արել՝ Փաշինյանը վերընտրվի, որ մյուս պահանջները մենյուով դրվեն Հայաստանի առջև. Քաղաքագետ