Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարացումը վրեժխնդիր և անհիմն քայլ է, Հայաստանում իրավապաշտպանությունը ջնջեցին ուղղակի. Ժաննա Ալեքսանյան
21/11/2025 18:00

Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարացումը վրեժխնդիր և անհիմն քայլ է, Հայաստանում իրավապաշտպանությունը ջնջեցին ուղղակի. Ժաննա Ալեքսանյան

«Սրբազան շարժման» անդամ Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը հերթական անգամ՝ ևս երեք ամսով երկարացնելու դատարանի որոշումը լայն քննարկումների առիթ է դարձել։ Aysor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը այս որոշումը գնահատեց  «անհիմն, ինքնահաստատման և վրեժխնդրության դրսևորում»։

Ալեքսանյանի խոսքով՝ Մանթաշյանին մեղսագրած արարքների վերաբերյալ դեռևս Ազգային ժողովում Գլխավոր դատախազի ներկայացումները խիստ կասկածելի են եղել․

«Դա անհիմն մեղադրանք է։ Երբ Գլխավոր դատախազն այն ներկայացնում էր ԱԺ-ում, պնդում էր այդ մեղադրանքը, հետո, երբ ձայնագրությունը հրապարակվեց, հասկացանք, որ դա չհիմնավորված մեղադրանք է»։

Իրավապաշտպանը շեշտում է՝ դատախազությունն օբյեկտիվ քննության և մեղադրանքի վերանայման փոխարեն ընտրել է մեղադրանքը «ամրապնդելու» ճանապարհը՝ շարունակելով մեղադրյալներին պահել կալանքի տակ։

«Այդ մարդկանց բաց թողնելու փոխարեն, դատախազն ամրացնում է իր մեղադրանքը՝ կալանքի տակ պահելով։ Կարծես վրեժխնդրություն լինի՝ դուք ուզում եք, որ կալանքը փոխվի, մենք չենք փոխելու»։

Ալեքսանյանի խոսքով՝ չափազանց կոշտ էր նաև դատարանի վերջին որոշումը՝ կալանքը երկարացնելու վերաբերյալ.

«Սա չափից դուրս էր, որ այդ աղջկա հետ այդպես վարվեցին՝ ևս 3 ամսով պահելով կալանքի տակ։ Փաստաբաններն էլ են խոսում այս մեղադրանքի դատարկության մասին»։

Իրավապաշտպանը ընդգծում է՝ Հայաստանում «քաղաքացիական վերահսկողությունն ամբողջովին բացակայում է», իսկ մարդու իրավունքները շարունակում են մնալ խոցելի ու անպաշտպան։

«Իրավապաշտպանությունը Հայաստանում ջնջեցին ուղղակի։ Մարդը լրիվ անպաշտպան է։ Ո՞նց կարելի է թողնել, որ ինչպես ուզենան, վարվեն մարդու հետ»։

Ալեքսանյանի գնահատմամբ, Մանթաշյանի կալանքի շարունակական երկարացումը ոչ միայն իրավական հիմնավորումներ չունի, այլ նաև խորացնում է հանրային անվստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարացումը վրեժխնդիր և անհիմն քայլ է, Հայաստանում իրավապաշտպանությունը ջնջեցին ուղղակի. Ժաննա Ալեքսանյան