.png)
«Ազատությու՛ն ռեժիմի քաղաքական գերիներին». Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը պատմում է՝ ինչպես են Հայաստանում մարդիկ հետապնդվում խոսքի, քաղաքական հայացքների համար
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, ներկայացրել է, թե 2018 թվականից սկսած, երբ երկրում իշխանությունը վերցրին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, ինչ քաղաքական հետապնդումների են ենթարկվել իր ամուսինն ու մյուս բոլոր այլախոհները, որոնք առաջին իսկ օրերից ահազանգել ու հասարակությանը նախազգուշացրել են բոլոր հնարավոր վտանգների մասին, որոնք բերում ու բերելու է փաշինյանական իշխանությունը, որոնք առաջին իսկ օրերից չեն լռել՝ մատնացույց անելով նրանց սխալներն ու դրանցից բխող հետևանքները, որոնք փորձել են բացել հանրության աչքերն ու ցույց տալ օրվա իշխանության իրական դեմքը։
Լուսինե Առաքելյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել այսօրվա ՔՊ-ական վերնախավի՝ այդ օրերի քայլերից։
«2018-ի իշխանազավթումից հետո նոր-նոր պաշտոններ ստացած այսօրվա արդեն կարկառուն ՔՊ-ականները սկսեցին հերթով տարբեր առաջարկներ անել Նարեկին՝ միանալու իրենց։ Բնականաբար, բոլոր այդ առաջարկները Նարեկը մերժում էր։ Երբ արդեն ՔՊ-ում էլ հասկացան, որ նա իրենցից մեկը չէ, որ հանուն փողի և իշխանութան՝ վաճառի հոգին, դավաճանի իր սկզբունքներին ու գաղափարներին, սկսեցին սկզբից՝ քաղաքացիական հայցերով, հետո՝ արդեն քրեական գործեր հորինելով, հետապնդումները սաստկացնել՝ փորձելով լռեցնել ամուսնուս»,- պատմել է քաղբանտարկյալի կինը։
Այսօր արդեն Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, մի քանի տասնյակ այլ մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ, կալանավայրերում են՝ զուտ այն բանի համար, որ սեփական կարծիքն են արտահայտել՝ հրապարակայնորեն։ Իշխանություններին թվում է՝ քաղբանտարկյալների թիվը շատացնելով՝ կլռեցնի նրանց, սակայն մոռանում են, որ այդ մարդկանց համար իրենց գաղափարները, դիրքորոշումն ու սերը հայրենիքի նկատմամբ՝ վեր են ամեն ինչից։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում խոսքի համար միայն իմ ամուսինը չէ, որ հետապնդվում է։ Անգամ փաստաբան է Փաշինյանի սիրած ձևով՝ «ասֆալտին փռելով», բերման ենթարկվել՝ գրառման համար։ Խոսքի համար։ Չենք կարող մոռանալ լուսահոգի Արմեն Գրիգորյանին, ում խոսքի համար բանտարկեցին ու նրա մահվան պատճառը դարձան։ Իր հայրենիքի նվիրյալ, բարերար Սամվել Կարապետյանն այսօր կալանավորված է Եկեղեցուն սատարող արտահայտության համար։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս խոսքի համար դատապարտվել է ազատազրկման, Նարեկ Մալյանը, կրկին խոսքի համար, մեղադրական դատավճռով արդեն իսկ պատիժ է կրել։
Այսօր Հայաստանում միայն ազատ խոսքը չէ քաղաքական հետապնդումների պատճառը։ Ուզում եմ անպայման առանձնացնել միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի դեպքը, որը բացահայտ քաղաքական հետապնդման մասին է»,- ընդգծել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։
Նա կրկին հիշեցրել է՝ Հայաստանի Հանրապետությունում, բանտերում բացառապես իրենց քաղաքական հայացքների համար անազատության մեջ են գտնվում մոտ 6 տասնյակ քաղբանտարկյալներ.
«Նրանց բոլորի հետևում պատմություններ են, ընտանիքներ՝ մայրեր, կանայք, զավակներ ...
Եկեք չմոռանանք այս մարդկանց մասին։
Ազատությու՛ն ռեժիմի քաղաքական գերիներին»։