.png)
Հայաստանի ազգայի պատկերասրահում կբացվի սփյուռքահայ արվեստագետներին ներկայացնող «Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը
Նոյեմբերի 26-ին, ժամը 18:00 Հայաստանի ազգայի պատկերասրահում կբացվի սփյուռքահայ արվեստագետներին ներկայացնող «Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը:
Ներկայացնելով ավելի քան քառասուն արվեստագետների շուրջ 100 աշխատանք, «Մոդեռնիզմի հոսքեր»-ը առաջին ցուցահանդեսն է, որը բացահայտում է 20-րդ դարի կեսերին ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերը խորհրդահայ և սփյուռքի արվեստների միջև։ Ամբողջովին հիմնված Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի վրա՝ այս հետազոտական դիտարկումը նոր հայացք է առաջարկում, ցույց տալով, թե ինչպես էին Խորհրդային Հայաստան - Սփյուռք արվեստային փոխառնչությունները շարունակում զարգանալ Սառը պատերազմի գաղափարական և քաղաքական սահմանափակումներին հակառակ։
20-րդ դարի հայկական արվեստը երկար ժամանակ ընկալվել է որպես Խորհրդային Հայաստանի և գլոբալ սփյուռքի շրջանակներում հակառակ ուղիներով զարգացած՝ «կիսված» մշակութային երևույթ։ Եթե Հայաստանում արվեստը ձևավորվում էր խիստ կարգավորված քաղաքական և ինստիտուցիոնալ դաշտում, Սփյուռքում դա շատ ավելի տարերային ու բազմակենտրոն գործընթաց էր։ Երկաթե վարագույրով, ինչպես նաև լեզվական, մշակութային և սոցիալական հանգամանքներով բաժանված այս երկու հարթությունները ավանդաբար ներկայացվել են որպես հակադիր բևեռներ։
Սակայն պատմական փաստերը վկայում են փոխկապակցված հետագծի մասին։ Խորհրդային հանրապետության հիմնադրումից ի վեր Սփյուռքի շրջանակները գործուն մասնակցություն են ունեցել Հայաստանի մշակութային կյանքում, և բազմաթիվ արվեստագետներ 1920–30-ականներին տեղափոխվել են Երևան։ Թեպետ Ստալինի ամբողջատիրական ռեժիմը խիստ սահմանափակեց այդ կապերը, դրանք երբեք լիովին չվերացան։ 1946–47 թթ. և 1960-ականների սկզբի հայրենադարձության ալիքները իրենց հետ բերեցին նոր տաղանդներ, որոնք հաջորդող տասնամյակներում նպաստեցին տեղական արվեստի արմատական կերպարանափոխմանը։
1950-ականների քաղաքական բարեփոխումներով խթանված՝ Հայաստան - Սփյուռք արվեստային շփումներն արագ զարգացան։ Երևանում գործող Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեն (հիմն.՝ 1964), Փարիզի «Թորոս Ռոսլին» միությունը (հիմն.՝ 1968), Բեյրութի «Թեքեյան» մշակութային միությունը (հիմն.՝ 1947) և այլ կազմակերպություններ դարձան համագործակցության ակտիվ հանգույցներ։ Սփյուռքահայ արվեստագետները լայնորեն ներկայացվեցին հայ հասարակությանը՝ ցուցահանդեսների, թանգարանային նվիրատվությունների և հայալեզու մամուլի միջոցով, որը տարածում էր հայ արվեստի շուրջ դիսկուրսները աշխարհասփյուռ համայնքների միջև։
Արևմուտքի հայկական համայնքների հետ մշակութային դիվանագիտության ներքո ձեռնարկած այս հարաբերությունները նոր ուղիներ էին բացում, որոնցով խորհրդահայ արվեստագետները հնարավորություն էին ստանում ծանոթանալու աբստրակցիոնիզմին, սյուրռեալիզմին, նեո-էքսպրեսիոնիզմին և մոդեռնիզմի այլ դրսևորումներին։ Այս, հաճախ խիստ գաղափարական վերահսկողությանը հակառակ տեղի ունեցող շփումները ընդլայնեցին խորհրդահայ արվեստի մտահորիզոնը և նպաստեցին ԽՍՀՄ-ում ամենաարագ զարգացող ու առաջադեմ ազգային արվեստի «դպրոցներից» մեկի կայացմանը։
«Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչպես այս արվեստային հաղորդակցությունները ձևավորեցին մի փխրուն, բայց ծավալուն ցանց Հայաստանի և Սփյուռքի միջև, նպաստելով հետցեղասպանական հայկական մշակութային իրականության մասնատվածության սպիացմանը։ Սա պատմական գործոն է, որը խնդրականացնում է խորհրդահայ արվեստի «հերմետիկության» վերաբերյալ ընդունված պատկերացումները՝ առաջարկելով 20-րդ դարի հայկական մոդեռնիզմի ավելի փոխկապակցված և բազմակենտրոն տեսլական։
Համադրողներ՝
Հասմիկ Բադալյան
Վիգեն Գալստյան